Բավ է պառակտվել
31-05-2022 22:09

Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում առաջ է եկել ևս 2 հատվածում

Ադրբեջանական ստորաբաժանումները, հին գյուղ և գերեզմանատան ուղղությամբ առաջ գալուց բացի ևս երկու ուղղությամբ են ճանապարհ են հարթել։
Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմացի լեռնային հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են շարժվել։
Առաջին անգամ Ներքին Հանդ գյուղի շրջանում առաջխաղացման մասին տեղեկությունն հայտնվեց 2021 թվականի մարտին, այդ մասին ահազանգեցին տեղի բնակիչները։

Դրանից կարճ ժամանակ անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը գյուղի ուղղությամբ գտնվող տարածք է ներխուժել դեռևս 2021 թվականի գարնանը։ Ավելի ուշ եղանակային պայմանների պատճառով նրանք լքել են տարածքը և ձնհալից հետո վերադարձել։
Մինչև 2022 թվականի մարտ ամիսն այդ մասին պաշտոնական տեղեկություն չկար։ Միաժամանակ հստակ է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն այդ ուղղությամբ ճանապարհ է հարթել 2022 թվականի մարտ–ապրիլին, ինչը երևում է արբանյակից արված լուսանկարներում։
Սակայն պարզվեց, որ այս հատվածում առաջխաղացումը չի սահմանափակվել մեկ մատնանշված դիրքով։ Խորհրդային սահմանները խախտվել են ևս երկու ուղղությամբ.
Արբանյակային վերջին կադրերից երևում է, որ արդեն իսկ հաստատված առաջխաղացումից բացի (սլաք 1), ադրբեջանական սահմանապահ զորքն առաջ է եկել ևս երկու հատվածում (սլաք 2 և 3)` խորանալով Սյունիքի մարզի տարածք։

Օրինակ՝ Մի դեպքում (սլաք 2) ճանապարհաշինարարական ակտիվ աշխատանքներ են կատարվել ապրիլի 20-ից հետո, մյուս դեպքում` (սլաք 3) ենթադրաբար մայիսին։

Ներքին Հանդ գյուղի բնակիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն առաջխաղացման մասին։ Դա զարմանալի չէ` հաշվի առնելով լեռնային տեղանքը։
Մենք ՀՀ ՊՆ հարցում ենք ուղարկել պարզելու համար` երբ է տեղի ունեցել ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը ՀՀ տարածք։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։
Նշենք, որ սա Սյունիքի հարավի միակ հատվածը չէ, ուր ներխուժել է Ադրբեջանի ԶՈւ–ն։ Sputnik Արմենիան պարզել էր, որ Ադրբեջանի ստորաբաժանումները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասար կոչվող բարձունքի հատվածում։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հաստատել էր առաջխաղացման փաստը։ Մեզ հայտնել էին, որ հակառակորդը մարտական դիրքեր է տեղադրել 2021 թվականի մայիս–հունիսին։