Բավ է պառակտվել
05-11-2020 19:39

Ինչ որ պետք է արվում է. ԱԳ փոխնախարար

Որևէ միջազգային կազմակերպություն, բացառությամբ ՄԱԿ-ի, չունի ուղղակի միջամտելու լիազորություն՝ ԱԺ-ում 2021 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ միայն ՄԱԿ-ը կարող է ուղղակի միջամտել, և դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում:
«Իսկ այդ որոշումը ստանալը բարդ գործընթաց է»,- պարզաբանեց փոխնախարարը:

Միաժամանակ, Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը, Արցախում պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին կոչեր են արել, սակայն չկա արդյունք:
ԱԳ փոխնախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորություններին: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն եռանախագահներին պարտադրելու մանդատ չեն տվել:

«Նրանց մանդատը միջնորդ լինելն է, դա նշանակում է, որ նրանք պետք է ջանքեր գործադրեն, առաջարկեն փոխզիջումային մոտեցումներ և նպաստեն, որ կողմերը գան համաձայնության: Սրան ավելանում է թույլ չտալ, որ սկսեն ռազմական գործողությունները՝ բայց կրկին չունենալով մանդատ, որ պարտադրեն, ա՛յ այստեղ խնդիր կա»,- ասաց նա:

Այս խնդրի լուծումը ռազմադաշտում է, սա ճշմարտություն է, որը պետք է ակնհայտ լինի բոլորիս համար և կախված մեր հաջողություններից: Ես կարծում եմ, որ բոլորս զգում ենք, որ մոտ ապագայում լինելու է բեկում, էապես փոխվելու է ամեն ինչ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով, որ կործանարար կարող է լինել բոլորիս համար այն միտքը, որ կարող ենք մեր հույսը դնել ուրիշի վրա և ակնկալել, որ ուրիշը պետք է գա և  պայքարի մեր հողի համար։

ԱԳ փոխնախարարը նշեց, որ հայկական կողմը ռազմական առումով շատ ավելի ծանր վիճակում եղել է 90-ական թվականներին, սակայն կարողացել է հաղթել շնորհիվ համախմբվածության։

«Չեն եղել խուճապային ինչ-որ խոսակցություններ, ինչը եղել է Ադրբեջանում, ավելին ասեմ, այն պահից, երբ որևէ պետությունում իշխեցին ներքին խժդժությունները, խուճապային տրամադրությունները, այդ պետությունը միանշանակ պարտվելու է․ այն, ինչ մենք տեսանք 90-ականներին Ադրբեջանում։ Կարծում եմ, եթե լինենք հետևողական և վճռական, դա Ադրբեջանում չի բացառվի նաև հիմա»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով պատերազմական իրավիճակում Հայաստանի և հարևան երկրների հարաբերություններին՝ փոխնախարարը նկատեց, որ հարևան Իրանն արդեն իսկ հայտնել է, որ իր համար կա կարմիր գիծ, որը չի հատելու, իսկ այդ կարմիր գիծն Իրան-Հայաստան սահմանն է, և գեոպոլիտիկ փոփոխություններն անընդունելի են, և վտանգի դեպքում Իրանը վճռական է լինելու գործելու հարցում։

Ըստ Քոչարյանի՝ նմանատիպ ազդակներ ստացել ենք նաև Ռուսաստանից։
«Այսինքն, ոչ միայն հարևանների հետ հարաբերություններում նահանջ չի եղել, այլ ֆիքսվել են այն խորքային գեոպոլիտիկ շահերը, որոնք ունեն մեր հարևանները, և այս տեսակետից, կարելի է ասել, որ ավելի լավ հիմք է ստեղծվել հարաբերությունների ապագա  զարացման համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Արմինե Գևորգյան