Բավ է պառակտվել
07-05-2019 16:20

Միակ հարցը մնացել է՞ Ծառուկյանի մանդատը


ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մանդատը վայր կդնի միայն այն դեպքում, երբ իր պատկերացրած երկիրը լինի: Իսկ պատգամավորի պատկերացրած երկիրը այն է, որ ժողովրդի վարկերը փակված լինեն, զարգանան, բարեկեցիկ լինեն, ժողովրդի դեմքին էլ ժպիտ լինի:

«Չեմ հասկանում՝ երկրում այսօր ամեն խնդիր լուծված է, մարդիկ բարեկեցիկ կյանքով են ապրում, Ղարաբաղի խնդիրը լուծված է, միակ հարցը մնացել է՞ Ծառուկյանի մանդատը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ–ական պատգամավորը անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նամակին նշեց.«ոչ միայն պարոն Միրզոյանի համար, այլ հանրության և որ ամենակարևորը՝ ընտրողների համար իմ պատասխանում և իրավական և քաղաքական բոլոր պատասխանները լիարժեք ներկայացված են»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը դիմելով Ծառուկյանին, կոչ էր արել հետևել պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին, որին ի պատասխան Ծառուկյանը ներկայացրել էր իր հիմնավորումները: Ծառուկյանն ասում է, որ նման խոսակցությունները վնաս են տալիս պետությանը ու անիմաստ լարվածություն է լինում:

«Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը ազնիվ է: Ներդրողների մոտ արդեն մտավախություն կա, որ մեկը քնից կարթնանա ու անհիմն հայտարանություն կանի: Ես կարամ գրեմ, ստորագրեմ, որ դա ազդելու է ներդրումների վրա, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման համար, մարդկանց մեջ մտավախություն կա ներդրում անեն, թե չէ, ես չեմ արդարանում, ուղղակի սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ կապերս օգտագործել, որ ներդրումներ լինեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Թե ինչու են պատգամավորների մոտ կասկածներ առաջացել, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ԲՀԿ նախագահն ասաց, որ նախանձում են:

«Իրենք չեն երևում, ոչ մի բան չեն կարողանում անեն, Ծառուկյանի քայլի վրա գալիս են, տվյալ խոսացողները իրական կյանքում ոչ հարևանին են օգնել, ոչ երկրին, ոչ էլ որևէ գործ են կատարել։ Փոխանակ մարդու կատարածի վրա էլ ուրախանան, իրենց վատ են զգում, ես դաժե գիտեմ՝ մյուս քայլն ինչ են անելու»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

 

Արմինե Գևորգյան