Բավ է պառակտվել
29-04-2022 18:25

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա մայիսի 13-ին

Ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին:

ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը:

Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:
Ուրբաթ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Վահան Հունանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել էր, որ «այս պահին նման հանդիպում անցկացնելու մասին տեղեկություն չկա»։