Բավ է պառակտվել
10-03-2016 21:10

Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը

Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմատեխնիկական, և՛ հումանիտար ոլորտներում մենք լիակատար փոխըմբռնում ունենք, ու այդ հարաբերությունները շատ լավ են զարգանում: Այս մասին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

« Շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և հարյուր տոկոսով համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում: Սա ընդհանրապես շատ լավ ավանդույթ է՝ հանդիպել տարեսկզբին՝ անցած տարվա աշխատանքի արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա ուղեցույցները սահմանելու համար: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմատեխնիկական, և՛ հումանիտար ոլորտներում մենք լիակատար փոխըմբռնում ունենք, ու այդ հարաբերությունները շատ լավ են զարգանում»,- հայտարարել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ լինելով ՀԱՊԿ-ում նախագահող, Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում այն որոշումների իրականացմանը, որոնք ընդունվել են ՀԱՊԿ սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջաններում:

«Մեզ, իհարկե, մտահոգում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջաններում լարված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի, այնպես էլ իմ այլ ելույթներում ես ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք հաստատապես աջակցում ենք Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը և, իհարկե, ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որը Դուք ձեռք եք բերել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ: Այն կարող է դառնալ այդ հարցի քաղաքական լուծման բանալին:»,- ընդգծել է Սարգսյանը:

Երկու երկրների ղեկավարները նաեւ ընդգծել են, որ այսօր մեկնարկում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որի հովանավորն է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«Մենք բացումը նվիրել ենք Հայաստանի անկախության 25-ամյակին: Այսօր նաև բացվում է քաղաքակրթական մեծ ցուցահանդես Ռուսաստանի պատմության թանգարանում, և ես վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը Ռուսաստանի քաղաքացիներին դուր կգա և իր ներդրումը կունենա մեր ժողովուրդների բարեկամություն ամրապնդման գործում:»,- ասել է Սարգսյանը: