Բավ է պառակտվել
30-03-2023 18:06

Փոխընդունելի որոշում. Զախարովան՝ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միանալու մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Երևանի մտադրությունը։

«Կարող եմ ասել, որ այս թեման քննարկման առարկա է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում բարձր մակարդակի շփումների ժամանակ։ Ես հարկ չեմ համարում այդ շփումների մանրամասները հրապարակել։ Իհարկե, մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կլուծվի դաշնակցային և փոխընդունելի ճանապարհով»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

Ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մարտի 17-ին, ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» հրաման է տվել։

ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության սահմանադրականության մասին
Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությամբ Հայաստանի պարտավորությունները ճանաչեց երկրի Հիմնական օրենքին համապատասխան։
Հայաստանի կառավարությունը 2022 թվականի վերջին Հռոմի ստատուտի սահմանադրականությունը ստուգելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան։ Երևանը նշել է, որ այս փաստաթղթի վավերացումը թույլ կտա ՄՔԴ-ում վարույթ հարուցել Ադրբեջանի դեմ (Արցախում և Հայաստանում ռազմական հանցագործությունների համար - խմբ.):
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին, սակայն չի վավերացրել այն, քանի որ 2004 թվականին Սահմանադրական դատարանը ճանաչեց պայմանագրի պարտավորությունները հակասող այն ժամանակ գործող Սահմանադրության մի շարք դրույթների։