Բավ է պառակտվել
18-06-2019 17:27

<<Ծանուցագիրը պտի դնե՞ի ռամկի մեջ…Այվազովսկու նկարի կողքի՞ն>> Գագիկ Ծառուկյան

<<Ծանուցագիրը որ ուղարկում են, պետք է դնեի «ռամկայի» մեջ ու կախեի պատի՞ն… կախեի Այվազովսկու նկարի կողքին…>> ,- լրագրողների հետ զրույցում այսօր այսպիսի հարցադրում արեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն ծանուցագիր էր ուղարկել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա ներկայանա հարցաքննության: Հունիսի 8-ի գիշերը <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետ Վահան Սարիբեկյանի մեքենան հրդեհելու փաստը Ծառուկյանը «սարքած գործ» էր որակել: 
Ծառուկյանը այդպես էլ չհստակեցրեց, թե արդյոք պատռել է քննչական կոմիտեի` հարցաքննության կանչելու մասին ծանուցագիրը։
Պատգամավորի խոսքով այդպիսի ծանուցագիր իրեն ուղարկելը առաջին հերթին անհարգալից վերաբերմունք էր իր հանդեպ, քանի որ ՀՔԾ-ն իրեն ծանուցագիր ուղարկելու իրավունք չուներ։
<<Ես համապատասխան պատասխանել եմ իմ փաստաբանի միջոցով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են>>,-ասաց պատգամավորը։
ԲՀԿ առաջնորդը լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև այն տեղեկությունը, որ հանդիպում է ունեցել ՀՅԴ-ին ներկայացուցիչների հետ։ Ասաց ,որ նախաձեռնությունը եղել է ՀՅԴ-ի կողմից։
<<Դիմել են՝ հանդիպելու, քննարկելու իրենց տեսակետը, մեր տեսակետը։ Ես համաձայնություն եմ տվել, որ պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, եթե ինչ-որ հարց կա քննարկելու, լսելու իրենց տեսակետը, ասելու մեր տեսակետը։ Այդքան բան>> ,- ասաց Ծառուկյանը։
Ի դեպ այսօր խորհրդարանում քննարկվում էր ՍԴ դատավորի ընտրության հարցը, առաջադրված թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին նախագահը երկրորդ անգամ է առաջադրել այս պաշտոնում:
Ծառուկյանն ասաց ,որ նախորդ անգամ իրենք որոշել էին ազատ թողնել քվեարկությունը։ Հիմա էլ նույնպես որոշել են ազատ թողնել:
<<«Ամեն մեկը՝ իր հայեցողությամբ, ոնց կցանկանա, այնպես էլ կընտրի>>, – ասաց խմբակցության ղեկավարը։

 

Արմինե Գևորգյան