Բավ է պառակտվել
15-10-2021 14:01

«Պատրաստ եմ կորցնել ամեն ինչ Ռուսաստանում և Հայաստանում»․ Ռուբեն Վարդանյանն իր՝ քաղաքականության մեջ մտնելու ձևաչափի մասին

Բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանը մըադիր է զբաղվել քաղաքականությամբ Հայաստանում, բայց իր պատկերացումն ունի դրա ընթացքի վերաբերյալ:

«Հայաստանում մարդկիկ կարծում են, որ քաղաքականությամբ զբաղվող անձը ձգտում է իշխանության, որպեսզի դառնա վարչապետ, նախագահ, որևէ պաշտոն զբաղեցնի։ Ես դա չեմ ուզում»,- ասել է նա Հայաստանի հանրային հետուստատեսությանը տված հարցազրույցում։

Վարդանյանը պարզաբանել է, որ իր գիտակցությունում երկու փոփոխություն է կատարվել, որոնք դրդել են իրեն ստանալ հայկական անձնագիր և սկսել քաղաքականությամբ զբաղվել։

Առաջինը, Վարդանյանի խոսքով՝ Արցախի հարցն է, և «երբ մենք պրակտիկորեն կորցրեցինք Արցախը», նա երկու ճանապարհ ուներ․ մնալ Մոսկվայում և շարունակել բիզնեսով ու բարեգործությամբ զբաղվել, մեկուսանալով «հայկական աշխարհից», կամ այդ ճգնաժամային ժամանակաշրջանում հարց տալ, թե «ինչպիսի Հայաստան ենք մենք կառուցում և ինչպիսին կլինի հայ ազգի ապագան»։

Նա բացատրել է, որ հայ հասարակությունում ապագայի վերաբերյալ քննարկումների պակաս կա: «Այն, ինչ մենք անում ենք ընկերներիս հետ, ավելի խորքային քաղաքական գործունեություն է», - հստակեցրել է նա:

Հաղորդավարի այն դիտարկմանը, թե քաղաքականությունը ենթադրում է կամ քաղաքական որոշումներ կայացնել, կամ ազդել դրանց կայացման գործընթացի վրա, գործարարն ասել է, որ «Ռուբեն Վարդանյանն՝ իր անցած ճանապարհով և կատարած գործերով, երբ որևէ կարծիք է հայտնում, արդեն իսկ ազդեցություն է ունենում մարդկանց վրա»։

«Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, կուսակցություն չունեմ, բայց հստակ գիտեմ, որ ես կաջակցեմ այն կուսակցություններին, որոնք ձևավորվում են ոչ թե անհատների, այլ գաղափարների շուրջ», - շեշտել է նա:

Պատասխանելով հարցին, թե իրեն Ռուսաստանից են պատվիրակե՞լ Հայաստան քաղաքականությամբ զբաղվելու համար, Վարդանյանն ասել է, որ շատ տարբերակներ է լսել, թե ում նախագծն է ինքը, և ավելացրել է, որ մարդկանց համար ավելի հեշտ է մութ սենյակում սև կատու փնտրել:

«Այսօրվա դրությամբ, Ռուբեն Վարդանյանը և իր ընկերները վերջին 20 տարիների ընթացքում 700 ծրագիր են իրականացրել Հայաստանում ... Արցախն ինձ համար դարձավ «կարմիր գիծ»: «Կարմիր գիծ» նշանակում է, որ մարդու համար չկա որևէ սահմանափակում, երբ նա որոշում է ինչ -որ բան անել հայրենիքի համար: Եթե ես հատել եմ «կարմիր գիծը», նշանակում է, որ պատրաստ եմ կորցնել ամեն ինչ Ռուսաստանում և Հայաստանում, պատրաստ եմ բանտ նստել, եթե քաղաքական պայքարը չընթանա իրավական դաշտում, ես պատրաստ եմ, որ ինձ կվարկաբեկեն ու ամենավատ բաները կգրեն իմ մասին ... Ես որոշում եմ կայացրել, որ Հայաստանի և Արցախի ապագան ավելի կարևոր է, քան իմ անձնական հարստությունը, իմ ընտանիքի անվտանգությունը և ինձ հետ կապված ցանկացած հարց», - պարզաբանել է նա, հավելելով, որ նաև իր մեղքի բաժինն ու պատասխանատվությունը Արցախի հետ կատարվածի մեջ:

Վարդանյանը ներկայացրել է նաև իրենց սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի քաղաքացիների 80% -ը դժգոհ չէ Արցախի գործնականում կորստից:

«Նրանք չեն հասկանում, որ կորցնելով Արցախը, մենք կկորցնենք Հայաստանը», - շեշտել է նա, հավելելով, որ, ըստ հարցումների, Հայաստանի բնակչության 70% -ը գոհ է իր կյանքից, իսկ 30% -ը ղարաբաղցիներին հայ չի համարում:

Հարցին, թե ում հետ է պատրաստվում քննարկումներ վարել հասարակության մեջ նման իրավիճակի պայմաններում՝ նա պատասխանել է, որ անհրաժեշտ է որոշել հային և հայ ազգին վայել արժեքները և համախմբվել դրանց շուրջ:

«Մենք պետք է գտնենք (այս արժեքները), համախմբվենք դրանց շուրջ, […] և, դրանից ելնելով, փորձենք փոփոխություններ իրականացնել», - ամփոփել է Վարդանյանը: