Բավ է պառակտվել
19-01-2021 16:13

«Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց». Նաիրա Զոհրաբյան

Ես միանում եմ Գագիկ Ծառուկյանի գնահատականին՝ Վազգեն Մանուկյանի՝ Գյումրիում արած արտահայտության վերաբերյալ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք՝ Վազգեն Մանուկյանն իր և կողմնակիցների ճանապարհը փակած գյումրեցիներին «բոմժ» էր անվանել, որոնց, ըստ նրա, փող բաժանելու դիմաց ուղարկել էր իշխանությունը:

«Ես հասկանում եմ, որ էմոցիաները երբեմն այնպես են խտանում, և այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում: Մենք քաղաքական գործիչներ ենք և չպետք է տրվենք սադրանքների»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում, իհարկե, դժվար է պահպանել ինքնատիրապետումը:
Հարցին՝ «ժեխ» բառն այլևս չե՞ք օգտագործելու, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց, իմ ասածը բոլորովին այլ կոնտեքստով է եղել…»:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգն անփոփոխ է և Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա. «Նա այլևս վտանգ է Հայաստանի ազգային անվտանգութանը, Նիկոլ Փաշինյանն ինչքան շուտ դա հասկանա, այնքան շուտ մենք հնարավորություն կունենանք ուղղելու մեր ողնաշարը և զբաղվելու խնդիրներով, որովհետև ինքը չի կարող լինել ադեկվատ բանակցող»:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է լինեն Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան ձևաչափով այլ հանդիպումներ, Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն այն քաղաքական գործիչն է, որը ժողովրդի թիկունքում որևէ թաքուն հանդիպում անելու անգամ մոտիվացիա չունի, և նրա բոլոր հանդիպումները եղել են և կլինեն հրապարակային:

Արմինե Գևորգյան