Բավ է պառակտվել
18-09-2019 14:16

Ես հրաժարական չեմ տալիս,ԱԱԾ նախկին տնօրենն էլ իմ ընկերն է․Դավիթ Տոնոյան

Երեկ տեղի էր ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ ու նիստից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Շրջանառվող անուններից էր նաև ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի անունը, ով այսօր ԱԺ –ում լրագրողների հետ զրույցում հերքեց իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը։
«Այդպիսի բան չկա, ու վարչապետի հետ նման հարց չի քննարկվել»,–ասաց Տոնոյանը ։
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն նշանակվելու հավանականությանը, Դավիթ ՊՆ նախարարը այս հարցը լսելիս լիաթոք ծիծաղեց, ասելով որ ինքը պաշտպանության նախարար է ։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանը ասաց,որ չի կարող մեկնաբանել, քանի որ որոշումն անհատական է եղել։
«Մեկնաբանությունն իր իրավասությունն է, և նա, կարծում եմ, դա կանի։ Կարծում եմ՝ առանց պատճառի որևէ հրաժարական չի լինում։ Բացի դա ԱԱԾ տնօրենը իմ ընկերն է, մենք 1,5 տարի շատ սերտ համագործակցել ենք, հետևաբար մեկնաբանությունները կթողնեմ իրեն»,–ասաց Տոնոյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ սպասվում է նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականը, Տոնոյանը հերքեց, որ ԱԱԽ –ում նման խոսակցություն է եղել ։
«Ես հերքում եմ, որևիցե քննարկում ԱԱԽ –ում ,այդ թեմայով։ Մենք կառավարության ղեկավարի հետ սինխրոնիզացված աշխատում ենք»,–ասաց Տոնոյանը։
Նշենք, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ժամանել է ԱԺ՝ փակ հանդիպման:

 

Արմինե Գևորգյան