Բավ է պառակտվել
27-12-2019 22:23

Եթե Վահե Գրիգորյանը գտնում էր, որ ՍԴ-ում ճգնաժամ է, պետք է բարի լիներ պայքարել դրա դեմ.Արևիկ Պետրոսյան

Ես իմ կենսագրությունը, կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ։ Ես չեմ պատրաստվում՝ օգտվել այդ հնարավորությունից և պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ և իրականացնել սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց։
Նրա խոսքով՝ ՍԴ-ն մինչ օրս բնականոն հունով աշխատել է՝ որևէ խնդիր չունենալով, որոշումները կայացվել են պետականության բարձր զգացողությամբ:
Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, նա նշեց, որ Գրիգորյանը աշխատանքային նիստերին չի մասնակցում: «Մենք ունեցել ենք Վահե Գրիգորյանի դիտարկումները լսելու պատրաստակամություն: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ բոլոր դատավորների հետ պատրաստվում է իր դիտարկումները կիսել: Օրինակ՝ ինձ հետ նա նկատառումներ չի կիսել, հանդիպման նախաձեռնություն չի ունեցել»,-ասաց ՍԴ դատավորը:
Վերջինիս խոսքով՝ Գրիգորյանը տվել է ՍԴ դատավորի երդում՝ լինել անաչառ և ապահովել Սահմանադրության գերակայության իր առաքելությունը: Նա պետք է Սահմանադրությամբ և ՍԴ դատարանի մասին օրենքով իրականացներ իր լիազորությունները:
Արևիկ Պետրոսյանի նկատեց՝ ՍԴ-ում կարող էր ճգնաժամ լիներ, եթե չկարողանային նիստերն անցկացնել, եթե չկարողանային որոշումներ կատարել, եթե իրենց անգործության հետևանքով պետական իշխանության այլ մարմինների համար ստեղծեին խնդիրներ. «ՍԴ-ն առ այսօր բնականոն հունով աշխատել է՝ որևէ խնդիր չունենալով, որևէ նիստի քվորումի հետ կապված, որոշման կայացման հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել։ Կայացրել ենք մեր որոշումները բարձր պետականության զգացողությամբ։ Իրականացրել ենք մեր սահմանադրական գործունեությունը»,-ասաց Արևիկ Պետրոսյանը։
Դիտարկմանը՝ Գրիգորյանն ինչպե՞ս կարող էր աշխատել ՍԴ-ում, եթե կարծում է, թե ՍԴ-ում ճգնաժամ կա, Արևիկ Պետրոսյանն արձագանքեց.
«Եթե նա գտնում էր, որ ՍԴ-ում այնպիսի մթնոլորտ է, ճգնաժամային իրավիճակ է, որն անհաղթահարելի է, պետք է բարի լիներ պայքարել դրա դեմ, եթե կարող էր, ունենար իր պատկերացրած իրավական մթնոլորտը, նոր ձգտեր իրականացնել իր առաքելությունը: Ես դա կհասկանայի»:

 

Արմինե Գևորգյան