Բավ է պառակտվել
05-11-2020 16:05

Չգիտեմ, թե ինչով էին մտածում Բաքվում, երբ ահաբեկիչներին ներգրավում էին պատերազմում. ԱԳՆ

Ներկայումս հայկական կողմը մարտնչում է Արցախում երեք հակառակորդների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում կայացած նախնական բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ահաբեկիչների հայտնվելը մարտահրավեր է ավելի լայն համատեքստում, քանի որ հետևանքները կարող են շատ լուրջ լինել բոլորի համար: «Չգիտեմ, թե ինչով էին մտածում Բաքվում, երբ ահաբեկիչներին ներգրավում էին այդ պատերազմում։ Դա (ահաբեկիչների ներգրավումը – խմբ.) շատ լուրջ սպառնալիք է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող երկրների համար։ Դրանք նոր իրողություններ են մեր տարածաշրջանի համար, որոնք բերում են տարածաշրջանում առաջնահերթությունների նոր շրջանակներ», - ասել է Մնացականյանը։

Չափազանց կարևոր է այսօր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար առավել համալիր և նպատակասլաց աշխատանքներ կազմակերպել, հայտարարել է Մնացականյանը: «Այսօր մենք պայքարում ենք նրանց դեմ ռազմի դաշտում, սակայն համագործակցության մակարդակով այդ երևույթի դեմ պայքարելու և վարվող քաղաքականությանն ավելի լայն հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտություն կա», - ընդգծել է ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է, որ ներկայումս Հայաստանը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով քննարկում է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ համակարգման մեխանիզմների ստեղծումը։ «Այս պահին ձևավորվել և աշխատում է այդ երկխոսության համակարգ, որը թույլ է տալիս ավելի նպատակային պայքար ապահովել այդ երևույթի դեմ», - ասաց նա:

Պատգամավորներն իրենց հերթին մատնանշել են Ֆրանսիայում «Գորշ գայլերի» ահաբեկչական կազմակերպության ճանաչման փաստը և առաջարկել են տարածաշրջանում մի շարք խմբավորումներ ահաբեկչական ճանաչելու մասին փաստաթուղթ: Պատգամավորներն ընդգծել են «իրերն իրենց անուններով կոչելու» անհրաժեշտությունը:

Արմինե Գևորգյան