Բավ է պառակտվել
12-10-2018 23:09

Ես պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի առաջին վարչապետն եմ (լուսանկարներ)

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը ընդունել է երկրում պաշտոնական այցով գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին, հաղորդել է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում երկու կողմերը փոխանակվել են բարեկամական ելույթներով։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ուրախ է ողջունել վարչապետ Տրյուդոյին Հայաստանում։ “Դուք Կանադայի առաջին վարչապետն եք, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով, և մենք գործ ունենք պատմական հնարավորության հետ”,- ասել է Փաշինյանը։

“Դուք արդեն զգացիք, որ մեր երկրում Ձեր երկրի և անձամբ Ձեր նկատմամբ շատ մեծ համակրանք և դրական վերաբերմունք կա, և հույս ունեմ, որ նաև այն հարաբերությունները, որ արդեն իսկ հասցրել են հաստատվել, կօգնեն, որ մեր երկրների միջև առանց այն էլ շատ ջերմ հարաբերությունները նոր մակարդակի հասցվեն”,- նշել է Հայաստանի վարչապետն իր ելույթում։

Տրյուդոն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում։

“Կարծում եմ, Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր, այնպես որ ես Կանադայի` պաշտոնական այցով Հայաստան այցելող առաջին վարչապետն եմ”,-ասել է նա։

Ընդ որում, Տրյուդոն նշել է, որ արդեն այն ժամանակ է զգացել հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և հրաշալի է անվանել ընդունելությունը, որին արժանացել է Հայաստանում այսօր և նախորդ օրերին:

“Այստեղ գտնվելը միայն պատիվ է”,- ընդգծել է նա։

Փաշինյանը նվիրել է Տրյուդոյին նրա “Ընդհանուր հայտարար” գրքի հայերեն թարգմանությունը։ “Եվս մեկ ապացույց իմ խոսքերի, որ Դուք առանձնահատուկ դեր ունեք Հայաստանի քաղաքացիների ընկալման մեջ, և սա Ձեր գրքի հայերեն թարգմանությունն է, ինչը ես հաճույքով նվիրում եմ Ձեզ”, - ասել է վարչապետը։

Կանադայի կառավարության ղեկավարը շնորհակալությամբ ընդունել է նվերը և նշել, որ չգիտեր հայերեն թարգմանության մասին և շատ ուրախ է այդ բանի համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ փոփոխությունները Հայաստանում։ Տրյուդոն ընդգծել է, որ երբ ամբողջ աշխարհում ընթանում էին ժողովրդավարությունը վտանգող գործընթացներ, Հայաստանն օրինակ ծառայեց ամբողջ աշխարհի համար։

Նա ասել է, որ Հայաստան է այցելել նաև, որպեսզի ցույց տա իր երկրի պատրաստակամությունը` օժանդակելու Հայաստանի զարգացմանը։ «Հայասատանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին”,- ընդգծել է նա։

Կանադայի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով։

Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման մասին, Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է՝ փոխել տնտեսական համակարգը և դարձնել Հայաստանը տեխնոլոգիական երկիր։ Նա համոզմունք է հայտնել, որ այդ ամենի համար կա բավարար ներուժ։

Վարչապետը նաև հավելել է, որ կառավարությունը լուրջ հաջողություններ է արձանագրել կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ և վստահություն հայտնել, որ դա կօժանդակի բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական առաջընթացին։

Փաշինյանը և Տրյուդոն քննարկել են նաև տարբեր ոլորտներում հայ- կանադական համագործակցության զարգացման հարցեր։