Բավ է պառակտվել
25-09-2018 13:41

«Ես հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ». Փաշինյան

 

Աշխատանքային այցով Նյու-Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Նելսոն Մանդելայի հիշատակին նվիրված խաղաղության գագաթնաժողովին, որին ներկա էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամլո ծառայությունը:


«Ինձ համար մեծ պատիվ է ողջույնի խոսքով դիմել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին, որը ոգեկոչում է այդ սրբադաս քաղաքական առաջնորդի հարյուրերորդ տարեդարձը: Մանդելայի կերպարը խորհրդանշում է խաղաղություն և մարդկային արժանապատվություն, միաժամանակ մարմնավորելով աննկուն պայքար և կարեկցանք: Նրա անունը խորապես արմատավորված է մեր հավաքական հիշողության մեջ որպես ռասիզմի և խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ, արդարության և հավասարության ջատագով»,- ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ ընդամենը կես տարի առաջ Հայաստանի ժողովուրդը մերժեց վախը, ընդվզեց անարդարության դեմ և դուրս եկավ փողոց՝ պահանջելու իր հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը:
«Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ: Եվ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է»,-ասել է Փաշինյանը.


Նա ասել է, որ լինելով նախկին քաղբանտարկյալ հիշում և մտովի վերապրում էր այդ հայտնի քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, ով պետք է փոխեր իր երկիրը և, իհարկե, իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները.
«Ինչպես Մանդելան մի առիթով ասել է. «Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ: Քաջ մարդը ոչ թե նա է, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է այդ վախը»: Այս խոսքերը, որ մեծապես ազդել են իմ գիտակցության վրա, նպաստել իմ քաղաքական ինքնության և տեսլականի ձևավորմանը, ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական «քայլարշավը հանուն ազատության» իմ երկրի քաղաքներում և այլ բնակավայրերում»,-ասել է Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ իր մեջ նեռանելով Մանդելայի իդեալների իրական ոգին, Հայասատնի շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»:
«Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկության համար»,-ասել է Փաշինյանը.
Նա հիշեցրել է, որ եկել է մի տարածաշրջանից, որտեղ, ցավոք, արյունալի հակամարտությունները, կառավարման կոռումպացված համակարգերը և մարդակնց միջև թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունը և խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը:
«Ասում են, որ ժողովրդավար ազգերը չեն պատերազմում միմյանց դեմ: Հուսով եմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը կբացառի ռազմական գործողությունները, պատերազմների և ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով և անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և հաշտեցմանը»,--ասել է Փաշինյանը:.
Նա ասել է որ այս տարի նշվելու է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման յոթանասուներորդ տարեդարձը:
«Սա մեզ ևս մեկ հնարավորություն է ընձեռում խորհելու այն մասին, թե ինչու առայսօր մարդկությունը պաշտպանված չէ խտրականությունից, անհանդուրժողականությունից, այլատյացությունից, հալածանքից և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններից: Նելսոն Մանդելայի կյանքն ու պայքարը մեզ հուշում են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ և ինչ կարելի է անել, քանզի նա քարոզում էր, որ «ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար …, և եթե մարդիկ կարող են սովորել ատել, ուրեմն նրանց կարելի է նաև սովորեցնել սիրել միմյանց»,-ասել է Փաշինյանը:
Փաշինյանը և հայկական պատվիրակության անդամները եղել են նաև ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարի մոտ:

Նելսոն Հոլիլալա Մանդելա՝ հարավաֆրիկյան պետական և քաղաքական գործիչ. : 10 մայիսի 1994 – 14 հունիսի 1999թթ.՝ ՀԱՀ նախագահ, ապարտեիդի գոյության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի առավել հայտնի ակտիվիստ, որի համար 27 տարի բանտում է անցկացրել. 1993թ; Նոբելյան մրցանակի դափնեկիր. 2004թ;-ից երիտասարդության Դելֆիյան դեսպան, Դելֆիյան Միջազգային խորհրդի պատվավոր անդամ» 2014թ: հուլիսին Նելսոն մանդելայի հայրենիքում (Ումտատեում և Մֆեզոյում), ինչպես նաև Իստ-Լոնդոնում կայացել է ՀԱՀ –ում ժողովրդավարության հաղթանակի 20-րդ տարեդարձին և Միջազգային Դելֆիյան խորհրդի 20-ամյակին նվիրված Դելֆիյան հատուկ գագաթնաժողովը: