Բավ է պառակտվել
23-06-2020 12:54

Ես համոզված եմ, որ այս նախագիծը ինձ վրա չի ազդում․ Ալվինա Գյուլումյան

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը պնդում է, խորհրդարանի կողմից երեկ ընդունված փոփոխությունները որի համաձայն ՍԴ դատավորները ավելի քան տասներկու տարի չեն կարող պաշտոնավարել, իր վրա չի տարածվում։ Ըստ Գյուլումյանի ինքը պաշտոնավարում է 2014 թվականի հոտկետմբերի 1-ից։
«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ Սահմանադրական դատարանները քննության են առնում ցանկացած հարց: Եվ մեր Սահմանադրական դատարանը նախկինում էլ քննության է առել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի դրույթների սահմանադրականության հարցը»,- նշեց Գյուլումյանը:
Նաև հիշատակեց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, որում, ըստ նրա, կան կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել: Գյուլումյանը, սակայն, հրաժարվեց նախագծին որևէ գնահատական տալուց:
Դիտարկմանը, թե արդյոք կբողոքարկի որոշումը, եթե պարզվի, որ իր պաշտոնավարումը ևս կդադարեցվի, Գյուլումյանն ասաց․
«Ինձ վրա այդ նորմը չի տարածվում։ Ես համոզված եմ, որ այս նախագիծը ինձ վրա չի ազդում»։
Գյուլումյանը նշեց, որ դատավորները կարող են վիճարկել հարցը՝ սպառելով վարչական դատավարության կարգով ներպետական միջոցները և հետո կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու համար: Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, կարծում եմ՝ նույնպես չեն լռի: Պաշտոնավարելը ինքնանպատակ չէ: Ես մեկ տարի ժամկետից շուտ Եվրոպական դատարանից վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մի տարվա ընթացքում կստանայի այնքան աշխատավարձ, որ այստեղ կստանայի ընդհուպ մինչև 70 տարի պաշտոնավարելու դեպքում, բայց ես մտածել եմ, որ դեռևս ունեմ այդ ուժը, որ կկարողանամ այնտեղ ձեռք բերված գիտելիքներն օգտագործել այստեղ»,- նշեց Գյուլումյանը:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը արտահերթ նստաշրջանի ժամանակ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի կդադարեցվի ՍԴ երեք անդամի պաշտոնավարումը, չորս անդամները կշարունակեն պաշտոնավարել, ՍԴ նախագահի լիազորությունները կդադարեցվեն, Հրայր Թովմասյանը կշարունակի գործել որպես ՍԴ անդամ:

 

 

Արմինե Գևորգյան