Բավ է պառակտվել
15-06-2020 16:03

Քաղաքական, թե՞ իրավական գործընթացներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի շուրջ։

Այսօր առավոտյան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՖԲ–ի իր էջում գրել էր,որ քաղաքական որոշում է կայացվել, ու երեքշաբթի գլխավոր դատախազը մտնելու է ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու համար։
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր։
!No Pasarán!», - գրել է նա:
Նաիրա Զոհրաբյանի այս գրառմանը պատասխանել էր ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան, ասելով ․«Չի կարող լինել անձեռնմխելիությունից զրկելու քաղաքական որոշում։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում։ Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբավարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից»,–ասել էր Գոռ Աբրահամյանը։
Վերջինս նաև անիմաստ էր համարել իրադարձություններից առաջ ընկնելով, քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը։
«Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»,–ասել Աբրահամյանը։
Երեկվա դեպքերի հետ կապված հայտարությամբ էր հանդես եկել նաև խորհրդարանական Լուսավոր Հայաստան խմբակցությունը, դատապատելով տեղի ունեցած իրադարձությունները։ Հայտարության մեջ մասնավորապես ասվում էր․«Վերոնշյալն ակնհայտորեն ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո։ Սա արդեն փաստում է իշխող քաղաքական ուժի՝ պետական քաղաքականություն իրականացնելիս ազնվության ակնհայտ բացակայության և երկակի ստանդարտներով առաջնորդվելու մասին, ինչը դրսևորվում է կոմպրոմատային քաղաքականությամբ և օրենքի ընտրողաբար կիրառմամբ», ասված էր հայտարության մեջ։
Ի դեպ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց, որ ԲՀԿ առաջնորդի դեմ գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն, և քաղաքական որոշում չի կայացվել:
«Քրեական գործը թող շարունակվի, ինքը քաղաքական առումով եթե գտնում է, որ ճիշտ է՝ պայքարի, թող պայքարի, դա իր խնդիրն է: Կրկնում եմ՝ քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան Ծառուկյանը այգում, նույն այգում, որտեղ հանդիպումներ էր ունենում, հայտարարություններ է արել իշխանության 100 տոկոս փոփոխության հետ կապված»,–ասել է Ալեն Սիմոնյանը:

 

 

Արմինե Գևորգյան