Հարավային Օսիայի Հանրապետությունն իրավական քայլեր կձեռնարկ առաջիկա ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով, հայտարարել է հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովն, ում խոսքերը փոխանցում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության մամլո ծառայությունը:
«Համարում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մոտ ժամանակներս կձեռնարկենք համապատասխան իրավական քայլեր: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել է նա:
Նա հավելել է, որ այժմ Հարավային Օսիան, Ռուսաստանը և ամբողջ աշխարհը «շրջադարձային պահ են ապրում»։ «Ռուսական աշխարհն այսօր պաշտպանում է նրանց շահերը, ովքեր հավատարիմ են իրան, նրանց, ովքեր դեմ են նացիզմին, հարգում են համընդհանուր մարդկային արժեքները և ողջ միջազգային հանրության կողմից ընդունված հիմնարար իրավունքներն ու նորմերն»,- ասել է Բիբիլովը։
Նրա խոսքով, նորագույն պատմության մեջ ռուսական աշխարհի առաջին վերածնունդը տեղի է ունեցել հենց Հարավային Օսիայում 2008 թվականին, երբ Ռուսաստանը որոշեց ճանաչել հանրապետության անկախությունը։ «Դա պատմական որոշում էր, որը Հարավային Օսիայի ժողովրդին տվեց խաղաղության երաշխիքներ և զարգացման հնարավորություններ: Այնուամենայնիվ, օս ժողովրդի՝ պառակտած ժողովրդի գլխավոր պատմական, ռազմավարական նպատակը միավորումն է մեկ պետության շրջանակներում: Մեր ժողովուրդը բազմիցս նշել է այդ նպատակը»,- հավելել է Հարավային Օսիայի նախագահը։
2008 թվականի օգոստոսի 26-ին, Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ երկու նախկին վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները և վերանայման ենթակա չէ։ Սակայն Թբիլիսին հրաժարվում է ճանաչել հանրապետությունների անկախությունը։
Հարավային Օսիայի ԿԸՀ-ն մարտի 15-ին ավարտել է հանրապետության նախագահի թեկնածուների գրանցումը։ Ապրիլի 10-ին պետական բարձրագույն պաշտոնի համար կպայքարեն Բիբիլովը, խորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Պլիևը, «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը, պատգամավոր Գարրի Մուլդարովը և նախկին պատգամավոր Դմիտրի Տասոևը։ Բիբիլովը նախագահ է ընտրվել 2017 թվականի ապրիլին, 2014 թվականի հունիսից նա զբաղեցնում էր հանրապետության խորհրդարանի նախագահի պաշտոնը։