Բավ է պառակտվել
06-09-2018 10:50

Ինչու՞ է Հայաստանը հրահրում ռուսական արջին և ինչ հետևանքներ կարող են լինել

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվով երրորդ հանդիպումը։
“Վերջերս հայ-ռուսական հարաբերությունների մասին շատ են խոսում, այսօրվա իրավիճակը ես համարում եմ աշխատանքային։ Մենք շարունակում ենք տարբեր մակարդակներով շփումները”,- օրերս հայտնել է վարչապետն ։

Փաշինյանը վստահ է, որ հանդիպման ընթացքում շատ հարցեր մանրամասն կքննարկվեն և կլուծվեն։ “Իհարկե ես չեմ ասում, որ բոլոր հարցերը կլուծվեն, սակայն վստահ եմ, որ մեր հարաբերություները կշարունակվեն զարգանալ իրենց բնականոն ընթացքով”,-ասել է նա։

Հանդիպման մասին տեղոեկությունը սեպտեմբերի 3-ին հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ Մոսկվայի համար կարևոր կլինի լսել Հայաստանի վարչապետի՝ իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարների գնահատականը։
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է ԱՊՀ ինտեգրացիոն գորընթացների զարգացման համար վտանգավոր տիրող իրավիճակը Հայաստանում, ուր “հետապնդում են իրենց քաղաքական նախորդներին” , նախարարն ասել է, որ Մոսկվան, նախ և առաջ, շահագրգռված է, որ իրենց հետ դաշնակցային հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն ունեցող երկրներում իրավիճակը լինի կայուն, որպեսզի ներքին պրոցեսներն այնտեղ զարգանան սահմանադրական ուղիով և առավելագույնս բարենպատ հնարավորություններ լինեն տնտեսության զարգացման ու սոցիալական ոլորտի բարելավման համար։

“Մեծ ուշադրությամբ հետևում էինք Հայաստանում իրադարձությունների զարգացմանն այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ խորհրդարանի կողմից ընտրվող վարչապետին բոլոր հիմնական իրավասություններն անցնելու մասին սահմանադրական նորմը։ Մենք ոչ մի քայլ կամ հայտարարություն չենք արել, որը կարող էր որևէ կերպ մեկնաբանվել որպես միջամտություն ներքին գործերին։ Չեմ կարող ասել, որ մնացած բոլոր արտաքին խաղացողներն էին նույն կերպ վարվում, սակայն այժմ այդ թեմային չեմ անդրադառնա”,-ասել է Լավրովը։
Նրա խոսքերով, Ռուսաստանը անհանգստացած է, որ իրավիճակը Հայաստանում “շարունակում է եռալ”։ “10 տարվա վաղեմության գործեր են հետաքննվում։ Ձեզ հայտնի են ձերբակալությունների մասին փաստերը։ Համարում ենք, որ անկասկած սա Հայաստանի հնարապետության ներքին գործն է։ Ցանկանում ենք, որ այդ ներքին գործերը հիմնված լինեն օրենքի, սահմանադրության ամուր հիմքերի վրա և հնարավորինս արագ լուծվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործ խնդիրների վրա”,-ավելացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Միաժամանակ Լավրովը հիշեցրել է ՀԱՊԿ նկատմամբ Հայաստանի ունեցած պարտավորությունների մասին, որոնք “պետք է կատարվեն ամբողջ ծավալով, այդ թվում՝ կազմակերպության հեղինակության և համբավի ամրապնդման առումով”։
Մեկնաբանելով նախարարի խոսքերն այն մասին, որ Հայաստանում իրավիճակը “շարունակում է եռալ”՝ Փաշինյանը կատակել է․ “Այո, այսօր իսկապես շոգ է”։

Նմանատիպ հայտարարությամբ նախարարը հանդես էր եկել նաև հուլիսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ 2008թ․ մարտի 1-ին Երևանում զանգվածային անկարգությունների գործի շրջանակներում, երբ ուժայինների հետ բախումների ժամանակ 10 ցուցարար էր զոհվել, քրեական հետապնդում է հայտարարվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Լավրովն այդ ժամանակ նկատել էր, որ Մոսկվան գոհունակությամբ էր նշել այն հանգամանքը, որ մայիսին Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ լուծումներն ի վերջո գտնվեցին փոխզիջումների հիմքի վրա՝ բոլոր կուսակցությունների մասնակցությամբ։ “Հուսով էինք, որ հիմնվելով նման արդյունքի վրա բոլոր քաղաքական ուժերն, առաջին հերթին՝ Հայաստանի նոր ղեկավարությունը կշարունակի առաջ տանել համախմբող մոտեցումներն, ամրապնդել ազգային համաձայնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները փոխում են դրական մոտեցումները, հակասում են Հայասատնի նոր ղեկավարության վերջերս արած հայտարարություններին այն մասին, որ իրենք մտադրություն չունեն քաղաքական նկատառումներից եկնելով հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների նկատմամբ”, - ընդծել էր նա։
Ի դեպ, այն ժամանակ Փաշինյանի պատասխանը Լավրովին բավականին կոշտ էր։ Հայասատանի ղեկավարը կոչ էր արել Ռուսաստանին հարմարվել հանրապետությունում նոր իրավիճակի հետ։ “Կարծում եմ, սա նոր իրավիճակ է, և մենք բոորս պետք է հարմարվենք տվյալ իրավիճակին, այդ թվում և ռուս գործընկերները, և մենք ինքներս։ Այնպես որ՝ ամեն ինչ կարգին է”,-նշել էր կառավարության ղեկավարը։
Հաջորդ օրն, օգոստոսի 1-ին ժողովրդին տեսաուղերձի ժամանակ Փաշինյանը կոչ էր արել քաղաքացիներին իր վարչապետ նշանակվելու 100 օրվա կապակցությամբ օգօստոսի 17-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։
Շատ փորձագետներ վարչապետի այս քայլը գնահատեցին որպես միջոց՝ հիշեցնելու Մոսկվային իր լեգիտիմության և հանրային մեծ աջակցության մասին և ցուցադրելու, որ Ռուսաստանն այսուհետ գործ ունի որակապես նոր երկրի հետ։ Ոստիկանության հաշվարկով, այդ օրը հանրահավաքին էր մասնակցել մոտ 150 հազար մարդ։

Չնայած Փաշինյանի հավաստիացումներին այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, և որ նա մտադիր չէ կտրուկ շրջադարձեր անել հանրապետության արտաքին քաղաքականության ոլորտում՝ նրա շատ քայլերը Մոսկվայում որպես հակառուսական են գնահատվում։ Եվ անհնար է չնկատել ռուսական կողմի պատասխան ազդակները։ Որպես այդպիսին կարելի է համարել վերջերս տարածված տեղեկություններն այն մասին, որ ի պատասխան Մոսկվային ուղղված Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի արտահանձման մասին Երևանի պաշտոնական հայցին, ով ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման մեջ է գտնվում Երևանում 2008թ․ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում՝ որոշում է կայացվել մերժել արտահանձնումը։ Նման տեղեկություններ է տարածել ռուսական առաջատար տեղեկատվական գործակալություններից մեկը՝ “Ինտերֆաքսը”, հղում անելով անանուն իրազեկ աղբյուրի վրա։

“Միջպետական հետախուզման մեջ հայտարարված Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Հարությունյանի արտահանձման մասին հայցը ուղղվել է ՌԴ իրավապահ մարմիններին, և այժմ դիտարկվում է։ Նախնական որոշում է կայացվել, որ հայցը մերժվելու է, քանի որ պարզվել է, որ սկսած 2002 թ․Միքայել Հարությունյանը ռուսական անձնագիր ունի”,- հայտնել է աղբյուրը, հիշեցնելով որ սահմանադրության համաձակն Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում արտասահմանյան երկրներ՝ այդ թվում և քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Դժվար է չնկատել նաև այս ֆոնին ռուս-ադրբեջանական հարաբերությունների աշխուժացումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 1-ին Սոչի այցի ընթացքում կնքվել են ավելի քան 15 երկկողմ պայմանագրեր տնտեսական էներգետիկ և այլ ոլորտներում։ Դա Պուտինի և Ալիևի երրորդ հանդիպումն էր վերջին 3 ամիսների ընթացքում։
Հանդիպման արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Ալիևը տեղեկացրել է, որ քննարկված հարցերի շարքում մեծ տեղ են զբաղեցրել տարածաշրջանային անվտանգության հարցերն, առաջին հերթին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, “որն արդեն շատ երկար ժամանակ է տևում և մեծ տառապանքներ է հասցրել ադրբեջանի ժողովրդին”։
“Երկար տարիներ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը գտնվում է հայկական օկուպացիայի ներքո, հակամարտության արդյունքում միլիոնից ավել ադրբեջանցի գաղթական կամ ներքին վերաբնակեցված անձ են դարձել։ Հակամարտության հնարավորինս արագ կարգավորումը թույլ կտա մեր քաղաքացիներին վերադառնալ իրենց պատմական հողերը, ինչպես նաև խաղաղություն, կայունություն և համագործակցություն կբերի մեր տարածաշրջանին։ Ռուսաստանը, որպես հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մեծ դեր է խաղում կարգավորման հարցում։ Ռուսաստանը հանդիսանում է մեր հարևանը, մեր պատմական գորընկերը և բարեկամը։ Եվ մենք ապավինում ենք նրան, որ հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը կշարունակվեն”,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության մասին Բաքվի հայտարարություններոում նոր ոչինչ չկա։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանն՝ այն փոքր ինչ անհասկանալի է։ Մայիսին իշխանության գալուց հետո Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններ վարել Հայաստանի հանրապետության անունից, իսկ ղարաբաղյան կողմից պետք է բանակցեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Նրա համոզմամբ, Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարվող բանակցային գործընթացի լիիրավ անդամ։ “Սա զգացմունքների հարց չի, սա պրագմատիկ հարց է”,-նշել է Փաշինյանն ընդգծելով, որ բանակցությունների ներկայիս ձևաչափը չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի 1992թ․ ստացված մանդատին, համաձայն որի, ինչպես նա նշել է, Ղարաբաղը հակամարտության կողմ է ճանաչվել։ Հարցին, թե արդյո՞ք նման դիրքորոշումը բանակցությունները փակուղի չի տանի, Փաշինյանը պատասխանել է, որ բանակցություններն առանց այդ էլ փակուղու մեջ են։

Ավելի ուշ, խոսելով տարածաշրջանում Մոսկվայի դերակատարման մասին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում համոզված են, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները նոր լարվածության հրահրումը կանխելու և Հայաստանի ու Ղարաբաղի վրա հարձակումից Ադրբեջանին հետ պահելու համար։ Ըստ Փաշինյանի՝ խոսքը գնում է տարածաշրջանի վրա քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական եւ «զուտ ռուսական ազդեցության» մասին։ “Ես ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր դարավոր բարեկամը պատերազմ թույլ կտա”,- նշել է վարչապետը։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Gisher.news -ի թղթակցի հետ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների գալիք հանդիպանը նվիրված իր զրույցի ընթացքում գերադասեց կանխատեսումներ չանել, միաժամանակ ընդգծելով երկու երկրների մեջ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։

“Ես չգիտեմ, թե ինչպես է կարելի դրան հասնել։ Ինչպես ասում են “ընձուղտը մեծ է, ավել լավ է հասկանում“ (жираф большой, ему видней)։ Սակայն հարաբերությունները պետք է կարգավորվեն, այսպես շարունակվել չի կարող”,-նշել է նա։
Նա բացառել է, որ որևէ գերտերություն՝ լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը կամ Եվրամիությունը, կհարմարվի նոր Հայաստանին։ “Դա չի անի և ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոն։ Դա բացառվում է։ Այնպես չէ, որ ես այս երկրի հպարտ քաղաքացի չեմ, բայց ես երազող չեմ, ես իրատես եմ և իրատեսորեն եմ նայում իրերին, գիտեմ, ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը և ինչ են իրենցից ներկայացնում այդ երկրները”,- ասել է Քոչարյանը։
Քաղտեխնոլոգը կարծում է, որ հայ ռուսական հարաբերությունների լարվածությունը կարող է Հայաստանի համար լուրջ հետևանքներ ունենալ։ “Առնվազն, դա կարող է տնտեսական առումով լուրջ հետևանքների հասցնել։ Դա կարող է լինել և ձմեռնամուտին Ռուսաստանից ներկրվող գազի գների բարձրացումը և խնդիրներ, այդ թվում և լոգիստիկայի առումով՝ կապված գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ, որոնց սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Կարող են գումարների փոխանցումների խնդիրների ծագել Ռուսաստանում բնակվող երեք միլիոն հայի համար։ Ռուսաստանն այնքան լծակ ունի, որ կարելի է մի ամբողջ օր դրանց մասին խոսել։,- ասել է նա։
Դատելով ռուսական մամուլի հրապարակումներից՝ Քոչարյանի կարծիքով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում լարվածությունն առաջին անգամ ի հայտ է եկել Փաշինյանի կադրային քաղաքականության հետևանքով, կրակին յուղ է ավելացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցած քրեկան գործը։
Հարցին այն մասին, թե ինչու՞ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ վերաբացվի 10 մարդու մահվանը հանգեցրած 2008 թ․մարտին Երևանում ցուցարաներին ցրելու գործը, քաղտեխնոլոգը պատասխանել է․ “Կարծում եմ, որ խոսքը գնում է անձնական հարաբերությունների և քաղաքական գործիչների միջև կապերի մասին, որոնք քաղաքականությունից պակաս կարևոր չեն։ Կարծում եմ, որ վաղեմի բարեկամական հարաբերություններ կան Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի հետ։ Մեկնաբանելով ծննդյան կապակցությամբ Վլադիմիր Պուտինի Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու փաստը, ռուս ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հատկապես շեշտել էր նրանց անձնական հարաբերությունները”։

Այնուամենայնիվ, նշել է Քոչարյանը, այսօր խնդիրներ են առկա Հայաստանի հարաբերություններում ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի հետ։ “Մենք այսօր խնդիրներ ունենք Եվրոպայի հետ։ Փաշինյանը Եվրամիությանը հայտարարել է , որ կարող է “թափ տալով” 10 մլն․ եվրո հանել ցանկացած մեր օլիգարխի գրպանից։ Երևանում ԵՄ դեսպան Պյոտր Սվետալսկին պահանջել է իշխանություններից ներդրումների որոշակի ծրագիր ներկայացնել, ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ մոտակա ժամանակներս ԱՄՆ հետևելու է Ամուլսարի շուրջ իրադարձությունների զարգացմանը և չի պատրաստվում ներդրումներ անել Հայաստանում։ Այնպես որ, մենք խնդիրներ ունենք որ միայն Ռուսաստանի հետ, այլ արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններով”, - նշել է փորձագետը։

 

Հեղինակային