Բավ է պառակտվել
16-04-2021 13:02

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ Հայաստանի հետ «խաղաղ համաձայնագիր» կնքելու հնարավորության մասին հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադարձել է երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային, պատասխանելով հարցին, արդյոք գոյություն ունի որևէ պատկերացում դրա բովանդակության մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները։

Ապրիլի 14-ին Ալիևն ասել է, որ տարածաշրջանում հետագա խաղաղ կյանք հաստատելու առաջարկներ է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Նա նաև հայտարարել է, որ չի բացառվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը, «եթե Հայաստանի կողմից լինեն դրական ազդակներ»: Դրա հետ մեկտեղ Ալիևը Զանգեզուրը (Հայաստանի Սյունիքի մարզ) և Երևանն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածքներ» և խոստացել «վերադառնալ այնտեղ»։

«Չենք կարող չողջունել Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն ուղղված նախաձեռնություններն»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ դրա ամուր հիմք են հանդիսանում 2020թ․ նոյեմբերի 9-ին և 2021թ․ հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածություններն, ընդգծելով, որ ռուսական կողմը պատրաստ է առաջիկայում ևս բոլոր հնարավոր միջոցներով աջակցել նման գործընթացներին։

«Իհարկե, Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման, երկկողմ հարաբերությունների կարգավորման դժվարին ճանապարհի սկզբում: Կարևոր է, որ այս առաջխաղացումն ուղեկցվի դրական ֆոնով, այդ թվում՝ տեղեկատվական», - ասել է Զախարովան:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ լինելու են շատ դժվարություններ և խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարվեն:

Նա նշել է, որ ադրբեջանցի և հայ ընկերների հետ փոխգործակցություն կառուցելով Ռուսաստանն շեշտադրում է, որ Հարավային Կովկասում կայունությունն ու կայուն տնտեսական զարգացումը պատասխանում են այս տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերին:

«Մենք ակնկալում ենք, որ գործնական հարցերում կողմերը կձգտեն քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանն ու վստահության մթնոլորտի ձևաորմանը, այլ ոչ նոր բաժանարար գծերի», - ասել է Զախարովան:

Ավելի վաղ «Նովոստի-Արմենիայի» թղթակցի հետ զրույցում Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն անընդունելի էր անվանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետագա զարգացումների վերաբերյալ: