Բավ է պառակտվել
20-01-2022 18:45

Զախարովա. ՀԱՊԿ-ի՝ որպես տարածաշրջանում անվտանգության առանցքային կառույցի դերը կմեծանա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դերը որպես տարածաշրջանում անվտանգության առանցքային կառույց կմեծանա, համաշխարհային անկայունության ֆոնին կաճի նաև կազմակերպության ջանքերի պահանջարկն։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն, իրականում, ավելի ու ավելի է ուժեղանում որպես իր պատասխանատվության տակ գտնվող տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման առանցքային կառույց: Ակնհայտ է, որ շարունակվող գլոբալ անկայունության, տարածաշրջանային հակամարտությունների սրման պայմաններում կմեծանա ՀԱՊԿ-ի ջանքերի դերն ու պահանջարկը»,- ​​ընդգծել է դիվանագետը։

Ինչպես նշել է Զախարովան, Ղազախստանում ճգնաժամային իրադարձությունների ժամանակ կազմակերպությունը ցուցաբերեց արագ, վճռական և խստորեն իրավական շրջանակներում գործելու կարողություն։

«ՀԱՊԿ-ի փորձը չափազանց պահանջված է, այն մանրակրկիտ կվերլուծվի, առաջին հերթին դաշնակիցների՝ կազմակերպության պատասխանատվության գոտում արտաքին ապակառուցողական միջամտության փորձերին համատեղ հակազդելու ջանքերն ուժեղացնելու նպատակով»,- նշել է նա։

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք բնակավայրերում բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք մի քանի օր անց վերաճեցին անկարգությունների։ Դրանք ուղեկցվեցին ոստիկանների և զինվորականների վրա հարձակումներով: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով երկիր ուղարկվեցին ՀԱՊԿ խաղաղապահներ՝ ռազմավարական օբյեկտները պաշտպանելու համար։ Ըստ իշխանությունների՝ հունվարի 7-ին սահմանադրական կարգն ընդհանուր առմամբ վերականգնվեց հանրապետության բոլոր մարզերում։