Բավ է պառակտվել
09-02-2022 18:09

Ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան․ Զասը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կարգավորման հարցում «որոշակի զգուշավոր լավատեսություն կա»։
Նրա խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և ռուս խաղաղապահների՝ Ղարաբաղ մտնելուց հետո իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը դադարել է։

«Իհարկե, լարվածության օջախներ կան, և դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին։ Ես այնտեղ եղել եմ, իմ աչքերով եմ տեսել, թե ինչ է կատարվում։ Բայց, ըստ էության, սահման, այնտեղ, որպես այդպիսին, չկա. կա շփման գիծ, ​​հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություններ են լինում։ Այդպես չպետք է լինի»,- ասել է է նա «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ կողմերի առջև սահմանի սահմանագծման և սահմանազատման լուրջ խնդիրն է, դա մեծ և բարդ աշխատանք է, սակայն, այնուամենայնիվ, թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը.
«Զգուշավոր լավատեսություն կա, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան և սկսվում է մեկ այլ դարաշրջան: Ես կարող եմ սխալվել լավատեսության մասով, բայց, ամեն դեպքում, պետք է ողջունել այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման համար», - կարծում է Զասը: