Բավ է պառակտվել
15-04-2020 18:41

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը պետք է կյանքի կոչվի. Բադասյան


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը Հայաստանում պետք է վաղուց գործող օրենք լիներ, առնվազն 2015 թվականից: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում գործուն մեխանիզմ ունենալու պահանջը միջազգային կառույցների կողմից մշտապես ներկայացվել է հայաստանյան իշխանություններին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր նախագիծը ներկայացրեց խորհրդարականներին։ «Տարիներ շարունակ միջազգային գործընկերները կոչ են արել Հայաստանին ներդնել բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ մեխանիզմներ են կոռուպցիայի դեմ պայքարի համար: Ի՞նչ են արել Հայաստանի նախորդ կառավարությունները և խորհրդարանական մեծամասնությունը՝ բնականաբար ոչինչ: Ինչով է զբաղված հիմա խորհրդարանական ընդդիմությունը, ինչու չի ցանկանում, որ ներդրվեն այն բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ են կոռուպցիայի դեմ պայքարի համար»,- ասաց Ռուստամ Բադասյանը:
Արդարադատության նախարարը խոստովանում է, որ 2018 թվականից սկսած կատաղի դիմադրություն է զգացվել այս նախագիծը մշակելիս: Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության՝ թե «Բարգավաճ Հայաստան»-ի, թե «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները հիշեցնում են՝ առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկել նախագծին:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ասում է, որ մինչև 93 թվականի նոյեմբերը գործել է ռուբլի: Այստեղ պրոբլեմ է, շատ բարդ է լինելու դրա գնահատումը: Երկրորդը՝ 94-95 թվականներին երկու անգամ կատարվել է համատարած վերագնահատում հիմնական միջոցների, որը մի քանի անգամ գույքի արժեքը մեծացրել է: 3-ը՝ սեփականության գրանցման ինստիտուտը ձևավորվել է 98-ին և գործել է 99 թ հունվարի 1-ից»:
«Լուսավոր Հայաստան»–ից Արկադի Խաչատրյանը կարևոր է համարում, որպեսզի «վերադարձվող գումարները ոչ թե գնան պետական բյուջե, այլ՝ ուղղվեն հատուկ ստեղծվող Համերաշխության հիմնադրամ, որտեղից միջոցները կծախսվեն բացարձակապես համազգային նշանակության ծրագրերի վրա:
Սակայն նախագծի վերջնական տարբերակից որոշակի դժգոհություն ունի նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ցավոք, այս հարցում մենք բախվում ենք նույն այն կիսատ-պռատությանը, ինչ ունենք կառուպցիայի դեմ պայքարի, անցումային արդարադատության, վեթինգի պարագայում: Կարևոր է ոչ միայն լավ շարադրված օրենքը, այլ՝ դրա իրականացման իմպլեմենտացիայի երաշխիքները: Ահա այստեղ է, որ ես խնդիրներ եմ տեսնում»,- նշեց Բաբաջանյանը: Սակայն իշխանական պատգամավորները նշեցին, որ այս օրինագիծը պետք է կյանքի կոչվի, քանի որ հանրության տված հիմնական խոստումներից է եղել։ կյանքի կոչելու մասին:
Վահագն Հովակիմյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունը ներդնում է նոր համակարգ, որը այևս թույլ չի տալու, որպեսզի պետությունից գումարները գողացվեն և տարվեն այն հույսով, որ միևնույնն է՝ զոքանչի անունով կգրեն, հետո կվայելեն: Իսկ Արեն Մկրտչյանն էլ նկատեց որ պաշտոնյանների ունեցվածքին նայելիս ասում ես, որ պետք է ծնված լիներ մեր թվարկության 612 թվականին ու ծնված օրվանից նշանակված լիներ այդ պաշտոնին»:
Օրինագիծը վաղն արդեն կդրվի քվեարկության:

 

 

Արմինե Գևորգյան