Բավ է պառակտվել
15-03-2021 15:33

Հայաստանի պաշտպանության փոխնախարարը Սյունիքում իրավիճակի մասին․ Կապանում դիրք թողնելու մասին խոսք չկա

Սյունիքի մարզում Կապանի առաջնագծի հետ կապված լուրջ մտահոգությունների առիթ չկա, ասել է երկուշաբթի ՀՀ պաշտպանության փոխնախարար Արամ Սարգսյանը, մեկնաբանելով հայկական սոցցանցերում տարածված տեսահոլովակը։

Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել Կապանի մերձակա մարտական հենակետերից մեկի իրավիճակի վերաբերյալ, որում ներկայացվում են Կապանի շրջանում ծառայություն տանելու անբավարար պայմանները և զինծառայողներին տված տարօրինակ հրամանները։

Տեսանյութում Զանգելանի կամրջի մոտ տեղակայված հենակետի հրամանատարը՝ հակառակորդի (ադրբեջանցի) դիրքերի տեսադաշտում, ներկայացնում է զինվորական անձնակազմի մտահոգությունները: Զինծառայողները մտահոգված են, որ այդ դիրքը ստիպված կլինեն հանձնել թշնամուն. «այստեղ ծառայության առաջին օրվանից մեզ ասում են, որ այս դիրքը չենք կարողանա պահել, ստիպված կլինենք հանձնել»։ Հայաստանի գլխավոր ատախազությունը ստուգումներ է սկսել։

«Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում տարածված տեսանյութի կապակցությամբ, իսկ Կապանի առաջնագծում լուրջ մտահոգության առիթ չկա»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով, անվտանգային իմաստով որևէ խնդիր չկա, այս պահին ՊՆ–ն, Գլխավոր շտաբն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, նրանց պայմանները բարելավվելու ուղղությամբ։ Դրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք իրականացվում են մշտական ռեժիմով և գտնվում են ՊՆ անմիջական հսկողության ներքո։

«Դիրք թողնելու մասին խոսք չկա, իսկ տեսանյութում արված հայտարարությունների առնչությամբ նախապատրաստվում են նյութեր։ Չեմ ուզում վաղաժամ հայտարարություններ անել, որ դրանց մեծ մասը չեն համապատասխանում իրականությանը: Առաջարկում եմ սպասել սպասել համապատասխան նյութերի պատրաստումից հետո եզրակացությանն», - ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ այս ուղղությամբ տարվում են ամենօրյա ինտենսիվ աշխատանքներ` անվտանգության մթնոլորտն ամրապնդելու և Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխիքները բարձրացնելու նպատակով:

Ինչ վերաբերում է խնդիրների մասին բարձրաձայնողի նկատմամբ սկսված հետապնդումներին, փոխնախարարը նշել է, որ յուրաքանչյուր ոք, ով ակնհայտ հանցագործությունների մասին հայտարարություններ է անում կամ բանակի հետ կապված խնդիրներ է առաջ քաշում, պետք է քննվի՝ մանրամասները ներկայացնելու համար։

«Այս պարագայում սա չի կարող դիտարկվել որպես հետապնդում, դա, մեղմ ասած, սխալ է: Ես ուզում եմ կրկին վստահեցնել, որ անհանգստանալու առիթ չկա: Կարող եմ հավաստիացնել, որ Սյունիքում, մեր հանդիպումների ժամանակ, խնդիրներ են բարձրաձայնվել, բայց դիրքեր հանձնելու մասին ոչ մի խոսք չի եղել և չկա», - ասել է Սարգսյանը: