Բավ է պառակտվել
23-11-2015 12:17

Զարուհի Փոստանջյանը քաղաքացիական անհնազանդության կոչ է արել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանի ամբիոնից դարձյալ հանդես է եկել իշխանափոխության կոչով: 
Պատգամավորը, մասնավորապես, հայ հասարակայնությանը կոչ է արել դեկտեմբերի 1-ից սկսել քաղաքացիական անհնազանդության և իշխանափոխության գործընթաց: «Անհրաժեշտ է դուրս գալ փողոց, եթե մենք դեկտեմբերի 1-ից մինչև 6-ը ներառյալ դուրս գանք փողոց իշխանափոխության կոնկրետ պահանջով, մենք կհասնենք դրան: Գործընթացը պետք է սկսվի դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում և հետագա 6 օրերին տարածվի ողջ հանրապետությունում: Ոչինչ, թող 6 օր մենք կանգնենք ցրտին, լավ չսնվենք, փոխարենը` կհասնենք իշխանության փոփոխության, որը տապալել է հանրապետության սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականությունը», - հայտարարել է Փոստանջյանը: 
Նա նաև ամոթանք է տվել հանրապետական պատգամավորներին, որոնք նպաստում են Սերժ Սարգսյանի «դավաճանական» քաղաքականության իրագործմանը: 
Ի պատասխան` խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին առաջարկել է ֆոնոգրամա պատրաստել և հետագայում իրեն նեղություն չտալ մասնակցելու ԱԺ նիստերին, այլ միայն իր ելույթների փոխարեն միացնել ֆոնոգրամաները, քանի որ Փոստանջյանի բոլոր հայտարարությունները միևնույն թեմայով են և մեկը մյուսի բառացի կրկնությունը: