Բավ է պառակտվել
09-03-2022 14:40

Պաշտպանություն թե փորձեր։ Ինչու՞ են ամերիկացիներին կենսաբանական լաբորատորիաներ անհրաժեշտ Ռուսաստանի սահմանների մոտ

«Վաշինգտոնը, Շանհայի համագործակցության կազմակերպությանը համաճարակաբանական օգնության պատրվակով, զբաղվում է կենսատվյալների հավաքագրմամբ»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՇՀԿ-ի գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ Հարևան երկրներում կենսաանվտանգությունը վաղուց է մտահոգում Մոսկվային: Հարցեր է առաջացնում Վրաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում ամերիկյան լաբորատորիաների գործունեությունը։ ՌԻԱ Նովոստին փորձել է պարզել, թե ինչ է այնտեղ ուսումնասիրվում։ ։

Անցում ռազմականից քաղաքացիականի

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամերիկացիները սկսեցին կենսալաբորատորիաներ ստեղծել Կենտրոնական Ասիայում և Կովկասում։ Ոչինչ պետք չէր կառուցել. գիտահետազոտական ​​կենտրոնների մեծ մասը բացվում էին խորհրդային ինստիտուտների հիման վրա։ 1950-ական թվականներից դրանք մասնագիտանում էին վարակիչ հիվանդությունների ոլորտում և մշակում էին ժանտախտի, տիֆի և խոլերայի դեմ պատվաստանյութեր։
Յոթանասունականներին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև սպառազինությունների մրցավազքը լրացվեց կենսաբանական և քիմիական պատերազմի սպառնալիքով։ Խոսակցություններ կային, որ սոցիալիստական բլոկի երկրների լաբորատորիաներում փորձարկվում են զենքեր, որոնք խորհրդային իշխանությունները մտադիր էին օգտագործել Արեւմուտքի դեմ։ Սրա հստակ ապացույց չկար։ Այնուամենայնիվ, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, կարևոր էր կանխել գիտահետազոտական ​​կենտրոններից արտահոսքը:
Ամերիկացիներն աջակցություն առաջարկեցին։ 90-ականների սկզբին նրանք օգնում էին Մոսկվային վերացնել միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի պաշարները նախկին խորհրդային հանրապետություններում: Սենատորներ Սեմ Նանը և Ռիչարդ Լուգարը մշակեցին հատուկ «Համագործակցային սպառնալիքների նվազեցման ծրագիր», որի շրջանակներում էլ արդիականացվեցին կենսալաբորատորիաները Կենտրոնական Ասիայում և Կովկասում:

Այս, փաստորեն, ռազմական օբյեկտներն, ամերիկյան աջակցությամբ, վերակազմավորվեցին քաղաքացիական հետազոտական ​​կենտրոնների։ Բայց Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում էր մնալ ծանր։ Այնտեղ հաճախ էին արձանագրվում խոլերայի, հեպատիտի, տիֆի բռնկումներ։

Վաշինգտոնը միջոցներ հատկացրեց վտանգավոր հիվանդությունների ուսումնասիրության համար, բայց պայմանով, որ լաբորատորիաներում կարողանան աշխատել նաև ամերիկացի մասնագետները։ Տարածաշրջանում հավաքված շտամներն արտահանվում էին արևմտյան հետազոտական ​​կենտրոններ։ Ամերիկացիները դա հիմնավորում էին նրանով, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում մասնագետներն ավելի շատ հնարավորություններ ունեն վիրուսն ուսումնասիրելու և պատվաստանյութ ստեղծելու համար։
Մոսկվայի հարցերին, թե ինչու են լաբորատորիաներին դրամաշնորհները հատկացվում Պենտագոնի ու ՆԱՏՕ-ի բյուջեներից, ամերիկացիները նույն պատասխանն էին տալիս․ հետազոտություններն իրականացվում են խաղաղ նպատակներով։

Պենտագոնի հանձնարարությամբ
Այս թեման հատկապես բարձր հնչեղություն ստացավ 2018 թվականին, երբ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն ասաց, որ Ռիչարդ Լուգարի ​​հանրային առողջության հետազոտական ​​կենտրոնում բուժումից հետո տասնյակ մարդիկ են մահացել։ Նախկին պաշտոնյան չ բացառեց, որ լաբորատորիայում փորձարկումներ են իրականացվել մարդկանց վրա։

Գիորգաձեն ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ դետալի՝ մանրէաբանական պաշտպանության բարձր մակարդակի վրա։ Կենտրոնը, նրա խոսքով, ունի «վնասակար նյութեր և կենսաբանական ակտիվ նյութով զինամթերք ցողելու սարքավորումներ»։ «Ինչո՞ւ պիտի նման բաների կարիք ունենա մի հաստատություն, որի նպատակը հանրությանը պաշտպանելն է» - հարց էր բարձրացրել նախկին նախարարը. Միաժամանակ,հավելել էր նա, կենտրոնի աշխատակիցները չեն թաքցրել, որ կատարում են Պենտագոնի պատվերները։

ԱՄՆ-ը Գիորգաձեի մեղադրանքներն անվանել էր անհեթեթ և կրկին հավաստիացրել, որ բոլոր հետազոտությունները բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում։ Բայց Ռուսաստանը չի հանդուրժի կենսաբանական փորձերն իր սահմանների մոտ, զգուշացրել է ԱԳՆ-ի սպառազինությունների չտարածման և վերահսկման բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովը։

Բոլոր կասկածները փարատելու համար վրացական իշխանությունները ռուս մասնագետների էին հրավիրել։ Սակայն Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում անցյալ տարվա ճգնաժամի պատճառով այցը չկայացավ։

Ղազախստանի շտամները

Մոսկվան անհանգստացած է նաև Ղազախստանի կենսալաբորատորիաներով։ ՀԱՊԿ ԱԳ նախարարների մայիսին կայացած հանդիպմանը Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը դեմ է իր սահմանների երկայնքով ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներին։

Խիստ քննադատությամբ է հանդես եկել նաև Չինաստանը՝ պահանջելով ԱՄՆ-ից փակել Պենտագոնի կողմից ֆինանսավորվող բոլոր հետազոտական ​​օբյեկտները Կենտրոնական Ասիայում: Ի պատասխան՝ ամերիկացիները ՉԺՀ-ին կոչ են արել տարածաշրջանի երկրներին չներքաշել ամերիկա-չինական հակասությունների մեջ։
Կենսալաբորատորիաների հարցը քննարկվել է նաև ՇՀԿ գագաթնաժողովներում, ու թեև այս կազմակերպության անդամները՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, վստահեցնում էին, որ գիտական ​​կենտրոնները կապված չեն ամերիկյան ռազմական մշակումների հետ՝ դա չհամոզեց Ռուսաստանին և Չինաստանին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՇՀԿ անդամները պետք է ավելի ուշադիր լինեն նման գործունեության նկատմամբ։

Քննադատությունից անմիջապես հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրեց մշակել կենսաանվտանգության մասին օրենք։ Նա ընդգծել է, որ լաբորատորիաներում պետք է աշխատեն ոչ թե օտարերկրյա, այլ տեղացի մասնագետներ։ Երկրի ղեկավարը չի պարզաբանել, թե որ կենտրոններն է նկատի ունեցել։ Սակայն ղազախստանցի դիտորդները նշել են, որ խոսքը Ալմա-Աթայում գտնվող Կենտրոնական ռեֆերենսային լաբորատորիայի (ԿՌԼ) մասին է։
ԿՌԼ-ն մասնագիտացած է Ղազախստանին բնորոշ վիրուսային շտամների ուսումնասիրության մեջ, 2016 թվականից գործում է Ղազախստանի կարանտինային և կենդանաբանական վարակների գիտական ​​կենտրոնի հիման վրա, ենթակա է Առողջապահության նախարարությանը և համարվում է հանրապետության սեփականությունը, թեև կառուցվել է Պենտագոնի միջոցներով․ ԱՄՆ-ը հատկացրել էր 108 մլն դոլար դրա կառուցման համար։
Ալմա-Աթայի կենսաբանական լաբորատորիան բազմիցս անհանգստություն է առաջացրել Ղազախստանում։ 2018 թվականին երկրում նկատելիորեն աճել էր մենինգիտով հիվանդացությունը։ Լուրեր տարածվեցին, որ ԿՌԼ-ից մենինգոկոկային վարակի շտամի արտահոսէ է եղել։ Լրագրողներն ու բլոգերները լրջորեն ենթադրում էին, որ ամերիկացիները միտումնավոր են թույլ տվել վիրուսի տարածումը՝ հանուն էքսպերիմենտի։
Ղազախստանի առողջապահության նախարարությունը վստահեցնում էր, որ համաճարակ չկա. «Ղազախստանում մենինգիտով հիվանդացության 58 դեպք կա, որից 32-ը՝ Ալմա Աթայում։ Եթե հաշվենք հարաբերական ցուցանիշներն, ապա ԱՀԿ-ի չափանիշներով դրանք ցածր են»,- նշել էին նախարարությունից։
Կորոնավիրուսի հետ կապված նմանատիպ պատմություն է․ համացանցում պնդում են, որ այն կապված է կենսաբանական լաբորատորիայի հետ։ Իշխանությունները հերքեցին դավադրության տեսությունը և կոչ արեցին խուճապ չսերմանել։

Խրթին համաճարակաբանություն
Տաջիկստանում նույնպես կան արտասահմանյան կենսաբանական լաբորատորիաներ։ Դրանցից մեկը ստեղծվել է 2013 թվականին Դուշանբեի գաստրոէնտերոլոգիական ինստիտուտի հիման վրա։ Ծրագիրը ֆինանսավորել է ֆրանսիական Merieux բարեգործական հիմնադրամը, որը նմանատիպ օբյեկտներ է կառուցել Չինաստանում, Մյանմայում, Բանգլադեշում և աֆրիկյան երկրներում։
Ֆրանսիացիներին, որպես օրենք, օգնում էին ՄԱԿ-ը և Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ/USAID): Ներդրումները գերազանցել են երեք միլիոն դոլարը։ Ինչպես Ղազախստանի և Վրաստանի դեպքում՝ օտարերկրյա հովանավորները բացատրում էին, որ Տաջիկստանին դա անհրաժեշտ է համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով:
2019 թվականին տուբերկուլյոզի դեմ պայքարի հանրապետական ​​կենտրոնի բազայի վրա կազմակերպվեց ևս մեկ լաբորատորիա։ Հովանավորներն էին ԱՄՆ ՄԶԳ-ն և Պենտագոնը։ Տեղացի կենսաբանները օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ այնտեղ ուսումնասիրում են տուբերկուլյոզը, մալարիան, հեպատիտը և խոլերան։
Անցյալ տարի Տաջիկստանի հյուսիսում՝ Իսֆարա քաղաքում, բացվեց նոր հաստատություն։ Դրա մասին տեղեկությունները սակավ են, այն ֆինանսավորել են ամերիկացիները։