Բավ է պառակտվել
23-09-2020 12:44

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի գործով դատական նիստը չի կայացել

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում այսօր, ժամը 11։00-ին սկսված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է: Նիստը պետք է նախագահեր դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները չեն ներկայացել դատական նիստին՝ պատճառաբանելով, որ պատշաճ չեն ծանուցվել:

«Մեկնարկած նիստի ընթացքում, դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբ, սակայն, դատարանը հաշվի առնելով հարցի կարևորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ին, ևս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար»,- հայտնել է դատական իշխանության Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Գագիկ Ծառուկյանն իրենց առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ որակելով ապօրինի։

 

 

Արմինե Գեւորգյան