Բավ է պառակտվել
02-07-2018 20:21

Զավեշտալի հանդիպում կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երեւանում տեղի ունեցող ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը վճռական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, այն կրելու է շարունակական բնույթ՝ երկրի հետագա զարգացման տեմպերն ավելացնելու նպատակով:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են համագործակցության խորացման հեռանկարներին, ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին եւ ուղղություններին, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո «պոկվել» է ԱՊՀ կամ հետխորհրդային տարածությունից, որտեղ իշխում են ժամկետանց ռեժիմներ, որոնց գործունեության բազան կոռուպցիան է: Հետխորհրդային տարածությունում «կոռուպցիայի դեմ պայքար» հասկացությունն ունի լիովին այլ նպատակներ ու տրամաբանություն: Դրա էությունը իշխող ժամկետանց վարչակարգերի տնտեսաքաղաքական դիրքերի պաշտպանությունն է հանրության օրինական պահանջներից:

Մինչեւ վերջերս Հայաստանում էլ նույն վիճակն էր, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ տեղի էր ունենում խոշոր հաշվով խեղկատակություն, իսկ առանձին բացահայտումներն ուղղված էին շեղումներ թույլ չտալուն եւ արտաքին գործընկերներին պայքար ցույց տալուն:

Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ ու բազմաբնույթ մարմիններ ու հանձնաժողովներ, որոնց նպատակն ըստ էության կոռուպցիոն համակարգի դիրքերն ու սեփականությունը «լեգիտիմացնելն» էր: Այդ հանձնաժողովները կամ անտեսում, կամ հիմնավորում ու արդարացնում էին ԶԼՄ-ների եւ հանրային տարբեր խմբերի բացահայտած կոռուպցիոն փաստերը բարձրաստիճան պաշտոնյաների մասին:

Հիմա, նոր Հայաստանում տեղի է ունենում հետխորհրդային դատախազական մարմինների նիստը կոռուպցիային համատեղ հակազդելու համար: Առաջանում է զավեշտալի իրավիճակ, քանի որ ԱՊՀ, ինչպես Լենինը կասեր, առանձին վերցված մի երկրում իրական պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, Հայաստանն արդեն կարող է ԱՊՀ գործընկերների հետ կիսվել իր փորձով, որը սակայն վտանգավոր է այդ երկրների վարչակարգերի համար: Իր հերթին, ԱՊՀ մյուս երկրների «փորձը» արդեն ժամկետանց է Հայաստանում: