Բավ է պառակտվել
12-01-2023 14:59

Հայտարարությունները, թե իբր, «Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը», անհեթեթ են․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհեթեթ է անվանել այն հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը որոշակի վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար։
Ճեպազրույցի ընթացքում նա ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով, և Ռուսաստանը վճռական է ամեն կերպ շարունակելու ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։
«Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը որոշակի վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ են», - ասել է նա։
Նա նշել է, որ ռուս զինվորական սահմանապահները տասնամյակներ շարունակ զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման և սահմանների պահպանման գործում։ Ըստ նրա՝ սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել։ Զախարովան ընդգծել է, որ ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ներկայությունը համահունչ է հանրապետության ազգային շահերին։
«Այն արկածախնդիրները, ովքեր կոչ են անում մեր զինծառայողներին դուռը ցույց տալ, ակնհայտորեն չեն գիտակցում նման քայլի իրական հետևանքներն»,- ասել է նա։
Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ «Ռուսաստանի ռազմական ներկայությունը վտանգ չի՞ ներկայացնում Հայաստանի անվտանգության համար»։ Նա նշեց, որ վերջերս արևմտյան գործընկերների հետ շփումների ժամանակ Ադրբեջանը արդարացնում է իր ագրեսիվ գործողությունները մտավախությամբ, որ Հայաստանն ու ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի դեմ, և այդ անհեթեթ թեզը որոշակի հետաքրքրություն է ստանում Արևմուտքի կողմից:
«Այս փաստի վրա ենք հրավիրում մեր ռուս գործընկերների ուշադրությունը՝ ամրագրելով, որ նրանց կողմից արձագանքի բացակայության դեպքում ստացվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում անվտանգությունը, այլ, ընդհակառակը, ստեղծում է սպառնալիք՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։,- ասել էր Փաշինյանը։