Բավ է պառակտվել
13-04-2022 11:47

«Զորքերի հայելային ետքաշումը երբեք մեր նախապայմանը չի եղել»․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին

Զորքերի հայելային ետքաշումը երբեք հայկական կողմի Ադրբեջանին ներկայացված նախապայման չի եղել, չորեքշաբթի օրը խորհրդարանի նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ Բրյուսելում հանդիպումից հետո իրեն քննադատել են զորքերի հայելային ետքաշման առաջարկից հրաժարվելու համար (խոսքը 2021թ․ գարնանը սահմանի մի շարք հատվածներում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին է. - խմբ.):

Այս համատեքստում վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմից զորքերի հայելային ետքաշումը երբեք նախապայման չի եղել, և իշխանությունները կարծում են, որ սահմանազատման բնական գործընթացը հնարավոր է միայն այն սահմանների երկայնքով, որտեղ կա անվտանգության և կայունության որոշակի մակարդակ։ ինչը չի կարելի ասել այսօրվա հայ-ադրբեջանական սահմանի մասին.

«Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն: Դրա համար, ինչպես և ասել եմ կառավարության մարտի 31-ի նիստում, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել և Բրյուսելում ցուցաբերել ենք այդ ճկունությունը՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունը առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքին տիրող անվտանգային միջավայրին»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ Բրյուսելում սահմանագծման վերաբերյալ պայմանավորվածությունը զրոյից չի ձեռք բերվել. այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները, բայց այս ամենը նաև հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Արևմտյան և թե՛ մյուս գործընկերները իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին:

«Դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը ունենալու է կրկնակի մանդատ: Առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաև՝ սահմաններում անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաև միջազգային փորձագիտական ներուժ ներգրավվել: «Հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձևաչափի և անհատական կազմի վրա և ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք անհատական կազմը հստակեցնել»,- նշել է նա։