Բավ է պառակտվել
05-10-2013 11:28

«Ժառանգություն»-ը դատապարտում է Փոստանջյանի դեմ սկսված արշավը

«Ժառանգություն»-ը դատապարտում է Փոստանջյանի դեմ սկսված արշավը

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է նույն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ սկսված «քաղաքական հետապնդումները»: «Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերևս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջև հաշվետու լինելու կարևորության մասին: Եվ եթե նրանք ուզում են Փոստանջյանին զրկել հարց տալու իրավունքից, դրանով է՛լ ավելի են խորացնում բարձրաստիճան պաշտոնյաների՝ մոլեխաղերին տրվելու վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող կասկածները՝ հիմնված ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: Զարուհու նկատմամբ ձեռնարկված քայլերն ու նրան ուղղված վիրավորանքները փաստորեն շատ ավելի խնդրահարույց են, քան իր հնչեցրած պարզ հարցը: Բանն այն է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիների հուսալքության և արտագաղթի մղող գործողությունները, մասնավորապես գողացված ընտրությունները, մարդկանց բազմաթիվ այլ իրավունքների խախտումը, մեր ազգային-պետական շահերին հարվածող հայ-թուրքական արձանագրությունները, հիմա էլ՝ Մաքսային միությանը միանալու համաձայնությունը, ըստ էության, հետևանք են ազարտային խաղերի հանդեպ հատուկ մոտեցումների, ընդ որում՝ պետության, նրա ինքնիշխանության, Սահմանադրության և երկրի քաղաքացիների շահերի հաշվին»,- ասվում է hայտարարությունում: