Բավ է պառակտվել
07-02-2020 18:17

Լեգիտիմության չարաշահում կամ ինչու՞ է Հայաստանի խորհրդարանն իր վրայից հանում պատասխանատվությունը

Նախորդ օրը կայացած Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստում բարձրացվեց Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցը, ինչը թույլ կտար շրջանցել ներկայիս նորմերը և լուծարել իշխանությունների համար ոչ ցանկալի Սահմանադրական դատարանը։

Այնուամենայնիվ, ամբողջ գործընթացում կար մի փոքր խոչընդոտ՝ տեղի ունեցածի անօրինականությունը, քանի որ իշխանությունների ընտրած ուղին հակասում է Սահմանադրության որոշ դրույթներին՝ չհաշված այլ օրենքները:

Սակայն եթե կարելի է փոխել օրենքները, հարց է առաջանում, թե որքանո՞վ է դա անհրաժեշտ է: Պատգամավորները մեղադրում էին Սահմանադրական դատարանը ծրագրված բարեփոխումները ձախողելու մեջ, բայց նախագծի հեղինակը՝ իշխող “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն, այն հարցին, թե ՍԴ-ի պատճառով ինչ բարեփոխումներ են ձախողվել, ասաց, որ խոչընդոտող գործոն է դատարանի գոյությունը ներկայիս կազմով։ Լավ պատասխան է այն դեպքերի համար, երբ բացակայում են նման բարձրաձայն հայտարարությունների օբյեկտիվ ապացույցները:

Նույնիսկ քննարկվող նախագծին կողմ ելույթ ունեցող իշխանամետ պատգամավորներն, այդ թվում՝ իրավաբանական կրթություն ստացած անձինք չէին պատասխանում իրենց ընդդիմադիր գործընկերների հնչեցրած հարցերին՝ մրցակցելով ոչ միայն Սահմանադրական դատարանի անդամներին, այլև հենց իրենց՝ պատգամավորներին մեղադրելու հռետորական արվեստի մեջ:

Ավելին, ցանկանալով, թե ոչ՝ իրենց ելույթներով նրանք միայն հաստատեցին, որ իշխանությունների պատկերացմամբ առկա “ճգնաժամի” պատճառը ոչ թե ինքնին Սահմանադրական դատարանն է, այլ անձամբ նրա նախագահ Հրայր Թովմասյանը:

Ամեն ոք, ով հետևում է այս գումարման խորհրդարանում օրինագծերի քննարկմանը, շատ լավ գիտի, որ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները սիրում են շաղակրատել և երկար քննարկել ամենափոքր մանրամասները: Վարչապետ Փաշինյանն ինքը պնդում էր, որ յուրաքանչյուր փաստաթուղթ մանրակրկիտ քննարկումներ անցնի:

Բայց ա՛յ քեզ անհաջողություն․երեկվա հանդիպմանը, նախագիծը ներկայացնելիս, “Իմ քայլի” ոչ մի անդամ Հովակիմյանին ոչ մի հարց չտվեց: Ըստ երևույթին, նրանց կարծիքով, ներկայացված նախագիծը պարզապես իդեալական է բոլոր տեսակետներից և չի հակասում Սահմանադրությանը:

Լեգիտիմությունը խնդիր է դարձել

Բայց վերադառնանք խորքային հարցերին: Երեք կամ չորս տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի համար խնդիր կլինի ոչ թե իշխանության լեգիտիմության պակասն, այլ՝ դրա առկայությունը:

Ներկայիս կառավարության ներկայացուցիչներին, մասնավորապես՝ պատգամավորներին և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացվող դժգոհություններից մեկն այն է, որ նրանք մշտապես հիշատակում են խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացված ձայների քանակն ու ժողովրդի վստահությունը:

Ավելին, դա կրկնվում է ամեն անգամ, երբ դժգոհություն, տարաձայնություն կամ գուցե այլընտրանքային կարծիք է արտահայտվում: Ի պատասխան, անմիջապես հնչում են բացականչություններ իրենց վստահող Հայաստանի քաղաքացիների մասին։

Իշխանություններն ակնհայտորեն չարաշահում են լեգիտիմությունը և անում են դա ամեն անգամ, երբ ոչինչ չունեն հակադրելու ներկայացված փաստերին:

Ընդ որում, ակնհայտ է այս գործընթացի հստակ ընտրողականությունը: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բալային համակարգի ներդրումը, պարտադիր սպանդանոցային մորթը, որոշ շրջաններում ծննդատների փակումը և Ամուլսարի հանքավայրի ապագայի չարաբաստիկ հարցն՝ այս ամենը ժողովրդի իրավասություններից դուրս է:

Իսկ Սահմանադրական դատարանի լուծարումը, որի գործունեության մասին բնակչության մեծամասնությունն անգամ գաղափար չունի, իհարկե, այն հարցն է, որը պետք է լուծվի հանրաքվեով:

Իշխանություններն ակնհայտորեն փորձում են իրենց վրայից հանել այդ հարցի լուծման պատասխանատվությունը և դնել այն իրենց վստահություն հայտնած քաղաքացիների ուսերին: Այնուամենայնիվ, լեգիտիմությունն իրավունք չի տալիս խախտել Սահմանադրության դրույթները և դեմ գնալ օրենքին: Հենց այս նպատակով գոյություն ունի սահմանադրականությունը ստուգելու մեխանիզմը, որը նոր իշխանությունները անտեսում են՝ տարված իրավիճակը հնարավորինս արագ լուծելու մոլուցքով, շրջանցելով Հիմնական օրենքի դրույթները:

Սուպերվարչապետական Հայաստանը և հավասարակշռության խախտումը

Արդյունքում, այս պահին մենք ունենք իշխանության այնպիսի ճյուղ, որն ամբողջովին զուրկ է լծակներից, որի անդամներն առաջիկայում կլինեն իշխանությունների դրածոները; խորհրդարանական մեծամասնություն ի դեմս իշխանամետ “Իմ քայլը” խմբակցության; լիովին իշխանամետ գործադիր իշխանություն, իսկ հաջողված հանրաքվեի դեպքում մենք նաև կստանանք դատական համակարգ, որը նույնպես կլինի իշխանությունների ձեռքում:

Կարելի՞ է արդյոք ասել, որ այս իրավիճակը համահունչ է Սահմանադրության ոգուն: Հարցը հռետորական է:

Միևնույն ժամանակ, խորհրդարանում երեկվա ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարեց “Երազած Սահմանադրական դատարանի” մասին։ Բայց միևնույն ժամանակ, նա չմոռացավ վերստին հնչեցնել սպառնալիքներ բոլոր նրանց հասցեին, ով համաձայն չէ “կուսակցական գծի” հետ:

Դե ինչ, սա հաստատում է այն փաստը, որ Փաշինյանը չի պահել իր խոստումը՝ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների վարչապետ:

Միքայել Մելքոնյան, քաղաքագետ