Բավ է պառակտվել
08-01-2020 11:15

Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Հայաստանի արտգործնախարարը Twitter- ի իր միկրոբլոգում գրել է.

“Շատ ցավալի է ստանալ Թեհրանից Կիև ուղևորվող “Ուկրաինական միջազգային ավիաուղիների” Boeing 737-ի կործանման լուրը։ Խորին ցավակցություններս զոհվածների ընտանիքներին և ընկերներին”, - գրել է Զոհրաբ Մնացականյանը:

“Ուկրաինայի միջազգային ավիաուղիների” Boeing-737 ինքնաթիռը՝ 176 ուղևորով և անձնակազմի անդամներով, վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանի մոտ:

IRNA գործակալության փոխանցմամբ, զոհվել են բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները:

Ինչպես “Արմենպրես”-ին տեղեկացրել են Իրանում ՀՀ դեսպանությունից, հարցում է ուղարկվել Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, արդյո՞ք ինքնաթիռում եղել են Հայաստանի քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է Fars գործակալությունը, վթարի պատճառ է հանդիսացել տեխնիկական անսարքությունը:

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ինքնաթիռը Իմամ Խոմեյնիի օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է մեկնել շտապօգնության 22 մեքենա և երկու ավտոբուս: