Բավ է պառակտվել
05-12-2019 17:39

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է կարգավորման գործընթացում Արցախի ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվել է այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվել են վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:

Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: