Բավ է պառակտվել
19-07-2018 21:51

Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Բաքվի անհիմն մեղադրանքներին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ անհիմն մեղադրանքներին։ Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ–ի կողմից Թիֆլիսում անցկացված «Որակյալ լրագրությունը՝ հուսալի և վստահելի տեղեկատվության համար» թեմայով Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 15-րդ կոնֆերանսում։ «Ադրբեջանի ներկայացուցիչն ակնհայտորեն ի ցույց դրեց Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամանքի այն աստիճանը, որը Ադրբեջանի կառավարությունը սերմանում է սեփական երկրում: Եվ ամեն անցնող տարին այս պատմությանը տալիս է նոր նրբերանգներ»,– նշել է Մնացականյանը։

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ադրբեջանական իշխանությունների համար հին բարի ավանդույթ է դարձել, երբ որևէ մեկը երբևէ խոսում Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անմխիթար վիճակի մասին, նրանք խուսափում են բոլոր հարցերին պատասխանելուց՝ ուշադրությունը շեղելով Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի վրա: 
«Եվ ի դեպ, հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է ազատ և ժողովրդավարական երկրում, ինչպիսին Ադրբեջանը ակնհայտորեն չի հանդիսանում: Եվ որքան շուտ Ադրբեջանը համակերպվի այս իրողության հետ, այնքան շուտ մենք կգտնենք կայուն խաղաղություն»,– ասել է Մնացականյանը։  Նախարարի խոսքով, Արցախի Հանրապետությունը, անկախ պետություն է լիարժեքորեն գործող ժողովրդավարական հաստատություններով, որտեղ ապահովվում և հարգվում է մամուլի ազատությունը և բազմակարծությունը, ինչը լավ հայտնի է համապատասխան միջազգային կազմակերպություններին: 

Հայաստանի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևն այնքան հեռու գնաց, որ Հայաստանին մեղադրեց հոլոքոստ իրականացնելու մեջ` հնչեցնելով անհիմն մեղադրանք, որը չափազանց զգայուն հարց է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար:
«Կարծես թե դուք չենք հասկանում բառի արժեքը՝ մենք հասկանում ենք: Եվ վճռականորեն մերժում ենք ձեր բոլոր անհիմն մեղադրանքները: Իսկ ինչ վերաբերում է փախստականներին, ապա այդ մենք պետք է խոսենք գրեթե կես միլիոն հայերի մասին, որոնք մազապուրծ եղան ադրբեջանական քաղաքների, այդ թվում մայրաքաղաքի հայկական թաղամասերում հանցախմբերի և կողոպտիչների իրականացված անկարգություններից, փախուստի դիմեցին՝ չունենալով ոչինչ, բացի իրենց հագուստից: Բայց Հայաստանի կառավարությունը նրանց չի պահում որպես գերի միջազգային քաղաքական խաղերի համար, քանի որ այս մարդկանց իրավունքները մեզ համար բացարձակ արժեք են»,– ասել է նախարարը։ «Նրանք լրագրողներին չեն բանտարկում շինծու մեղադրանքներով, չեն փակում լրատվամիջոցները, չեն սահմանափակում լրագրողների ազատությունը և չեն ներառում նրանց սև ցուցակներում: Արցախի իշխանությունները հավատում են տեղեկացված լինելու իրավունքին, լրատվամիջոցների ազատությանը և ապահովում այն ինչպես օրենսդրորեն, այնպես էլ՝ գործնականում»,– ընդգծել է Մնացականյանը։ 

ԱԳ ղեկավարը խորհուրդ է տվել Ադրբեջանին օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրավիճակի քննադատությունը կանխելու համար եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառել փորձելու համար միլիոններ վատնելու փոխարեն կառուցել իրապես ժողովրդավարական ժամանակակից երկիր։ «Դա, հավատացնում եմ, և՛ տնտեսակապես առավել արդյունվետ կլինի, և՛ շատ ավելի օգտակար՝ Ադրբեջանի ժողովրդի համար»,– հավելել է Մնացականյանը։  Մնացականյանն անդրադարձել է նաև «ադրբեջանական լվացքատան» թեմային։ «Ադրբեջանն անվանեց դա անարդար, փաստերից զուրկ «սառը պատերազմին բնորոշ քարոզչություն» ընդդեմ Ադրբեջանի: Բայց կարծես թե ներկայացված փաստերը բավարար են եղել իտալացի իրավապահների, Եվրոպայի խորհրդի և նրա խորհրդարանական վեհաժողովի և մյուսների համար անհրաժեշտ իրավական քայլեր ձեռնարկելու համար»,– նշել է նախարարը։