Բավ է պառակտվել
04-07-2018 20:44

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Սերժ Սարգսյանի եղբոր բնակարանում

Ազգային անվտանգության ծառայության  աշխատակիցներն այսօր առավոտվանից հատուկ գործողություններ են իրականացնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում։

ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն փոխանցեց, որ ավելի ուշ մանրամասներ կհաղորդվեն։

Հունիսի 25-ին ոստիկանությունը Սայաթ-Նովա փողոցից բերման էր ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Ժամեր անց նա ազատ էր արձակվել։ Ոստիկանությունը հայտարարեց, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։

Ավելի ուշ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական։

Ալեքսանդր Սարգսյանի հարևանների համար Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հայտնվելը Թումանյան 11 հասցեում «սպասելի էր»:

«Ես արդեն մոտ մի ամիս ա, սպասում եմ էս օրվան», - ասաց հարևաններից մեկը: - «Էստեղ վրեժխնդրություն ու ոխերիմություն չկա: Ես իմ երկու ականջով ընտրական տարածքում՝ 114 դպրոցում, լսել եմ․․․ տեսել եմ ոնց մտավ Սաշիկ Սարգսյանը իր զինված թիկնազորով, ոնց երբ որ նստեց բաց քվեարկության և իրեն ասացին ընդամենը՝ պարոն Սարգսյան, Դուք օրենք եք խախտում, մտեք խվեախուց, ինքը բարձր հայհոյեց ամենաայլանդակ բառերով ու ասեց՝ էս իմ երկիրն ա, ինչ կուզեմ, կանեմ: Եթե նույնիսկ իրա նկատմամբ որևէ այլ իրավական գործողություն տեղի չունենա, մենակ էն փաստը, որ իրա դուռը եկան-կանգնեցին, և նա հասկացավ, որ սա իրա երկիրը չի, չի կարող անել ինչ ուզում ա, դա ինձ շատ մեծ բավարարություն է պատճառում»: