Բավ է պառակտվել
26-08-2020 13:51

Փաստաբանը կպաշտպանի կորոնավիրուսից մահացած անձանց հարազատների շահերը

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց կորոնավիրուսի իրավական հետևանքների, կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած անձանց մահվան հանգամանքների ու պատճառների պարզման և տուժողների իրավահաջորդների իրավունքների, շահերի վերականգնման, նրանց նյութական և ոչ նյութական հատուցման իրավական աջակցության վերաբերյալ մանրամասները, ապա նշեց, որ կորոնավիրուսից մահացած անձանց մահվան հանգամանքներին որևէ մեկը չի անդրադառնում և հետաքննություն չի իրականացնում, հետևաբար՝ այդ մասով պետությունը չի իրականացնում իր պոզիտիվ պարտականությունը։

«Սա հստակ է, որ մահվան հանգամանքների հետաքննությունը դա պետության պարտականությունն է, որն իր այդ պարտականությունը չիրականացնելով՝ խախտում է և խախտել է անձանց կյանքի իրավունքը։ Կարծում եմ՝ պետության կողմից իր այդ պարտականությունների չկատարումն իր մեջ ներառում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, որի վերաբերյալ մենք հետագայում հանդես ենք գալու հանցագործության մասին հաղորդմամբ։ Կառավարության որոշումներով, ներքին իրավական ակտերով, ոստիկանապետի հրամանով սահմանված է, որ հիվանդանոցային մահվան յուրաքանչյուր դեպքում ոստիկանության աշխատակիցը պարտավոր է ներկայանալ հիվանդանոց և նախապատրաստել նյութեր։ Նյութերի նախապատրաստումն իրենից ենթադրում է, որ առնվազն պետք է զննել համապատասխան մատյանը, բացատրություններ վերցնել մեկ-երկու անձանցից, մահացածների հարազատներից ու ազգականներից և նշանակելով դատաբժշկական փորձաքննություն և ստանալով եզրակացություն, որ մահը բնական երևույթների արդյունք է, կազմվի եզրակացություն, և նյութերը դրանով ավարտվի»,- փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսին պարզաբանեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ դժբախտ պատահարների դեպքում, երբ մարդիկ գնում են հիվանդանոց, անմիջապես ժամանում է ոստիկանության աշխատակիցը և սկսում հետաքրքրվել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ Մինչդեռ կորոնավիրուսի դեպքում որևէ պետական մարմին որևէ գործողություն չի իրականացրել։ Ավելին, եթե հետաքննություն չի իրականացվում, մահացածի հարազատներն ինչպե՞ս կարող են հասկանալ՝ մահը վրա է հասել դիտավորությա՞ն, բուժաշխատողների անգործությա՞ն արդյունքում, թե՞ ոչ։

«Ընդունելով, որ պետությունը չի կատարում իր պոզիտիվ պարտականությունները, և սա իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, մեր գրասենյակի փաստաբաններով նախաձեռնել ենք մի գործընթաց, երբ անհատական աշխատանքներ ենք կատարում բոլոր ընտանիքների հետ՝ անհատույց, ամբողջովին անվճար, և ստանում ենք որոշակի տեղեկություններ։ Մասնավորապես՝ համակարգված տեղեկություններ ենք ստանում անձի մահվան պատճառների և հանգամանքների վերաբերյալ, ստանում ենք հիվանդության պատմություններ, էպիկրիզներ։ Փաստաբանական հարցումներ ենք ուղարկում Առողջապահության նախարարություն, դիահերձարան, ոստիկանություն և այլ մարմիններ։ Այս ամբողջ տեղեկատվությունը համակարգելուց հետո մենք ունենալու ենք երկու իրավական ճանապարհ։ Դրանցից մեկը՝ ավելի նեղ ճանապարհը, այն է, որ մենք յուրաքանչյուր դեպքով պետք է պարզենք, թե բուժաշխատողների կողմից արդյո՞ք տեղի ունեցել է իրենց մասնագիտական պարտականությունների թերացում։ Եթե պարզենք, որ նման բան կա, ապա հանցագործության մասին հաղորդմամբ դիմելու ենք իրավասու մարմիններին։ Հաջորդ ավելի լայն ճանապարհն այն է, որ հիմա մենք շարունակում ենք դիմումներ ընդունելը, և եթե մենք պարզենք, որ բոլոր դեպքերում առկա է նույն խախտումը, այսինքն՝ որևէ դեպքով հետաքննություն չի իրականացվել, մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու համապատասխան մարմիններին, որպեսզի պարզեն այն պետական պաշտոնատար անձին, ում հրահանգով այդ հետաքննությունը չի իրականացվել»,- շեշտեց փաստաբանը։

Նա նաև հավելեց, որ պաշտոնական վարկածով կորոնավիրուսից մահացած անձանց հարազատները, որոնք դիմել են իրենց, այս պահին զրկված են բոլոր դատավարական իրավունքներից, քանի որ նրանք չունեն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ։ Նման կարգավիճակ կարող են ստանալ հարուցված քրեական գործով և քննիչի համապատասխան որոշմամբ։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ քրեական գործ հարուցելուց հետո ներկայացնելու են տուժողի իրավահաջորդի շահերը՝ կրկին անվճար, և հասնելու են ընդհուպ մինչև պետության կողմից համապատասխան դրամական փոխհատուցման տրամադրման։