Բավ է պառակտվել
21-04-2021 18:34

Սյունիքում Փաշինյանի հանձնարարականները քրեական հանցագործության հատկանիշներ են պարունակում․ փաստաբան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի (Սյունիքում խորհրդակցության ժամանակ) ելույթի տեսաձայնագրությունն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտել) հատկանիշներ, ասել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Փաշինյանը, չունենալով որևէ լիազորություն միջամտելու որևէ քրեական գործի, «հսկող դատախազի» կարգավիճահում ուղղակի հանձնարարականներ է տալիս ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության ներկայացուցիչներին, հարցնում է արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, հետաքրքրվում թե ինչ գործողություններ են կատարվել և հանձնարարում գնալ ու «իրենց աշխատանքով» զբաղվել»,- նշել է փաստաբանը ֆեյբուքյան իր էջում։

Մակինյանն ընդգծել է, որ այս պահից սկսած նշված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է։
Փաշինյանը նախօրեին անսպասելի այցով մեկնել է Սյունիք։ Չորեքշաբթի առավոտյան նա մեկնել է Մեղրի և Ագարակ, որտեղ զայրացած տեղաբնակները դիմավորել են նրան սուլոցներով ու հայհոյանքներով։ Վարչապետը շրջել է մի քանի փողոցով՝ ամբոխի սուլոցների ու «Նիկոլ դավաճան», «թուրք Նիկոլ», «կապիտուլյանտ», «դավաճան, ծախեցիր Արցախը, հիմա եկել ես ծախես Սյունիքը» և անդադար հնչող այլ վիրավորական վանկարկումների ներքո։ Բնակիչների վրդովված բացականչությունների ներքո նա հապճեպ հեռացել է Մեղրիից և չի այցելել Քաջարան, որտեղ նունպես նրան սպասում էին բողոքի ակցիայի մասնակիցները։

Այնուհետև նրա շարասյունն ուղևորվել է Կապան, մարզպետարանի շենքում կայացել է խորհրդակցություն հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։

«Ես ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանում: Պարոն Աբազյան (ԱԱԾ տնօրեն – խմբ․), պարոն Ղազարյան (ոստիկանապետ – խմբ․), դուք այստեղ եք և ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի»,- ասել է Փաշինյանը խորհրդակցության ժամանակ։

Ավելի վաղ, 168.am լրատվականին տված հարցազրույցում Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պզնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայտնել է, որ իր տեղեկություններով արդեն հանձնարարվել է ձերբակալել Սյունիքի մի շարք ազդեցիկ գործիչներին։ Նրանց թվում են Վահե Հակոբյանն իր կնոջ հետ, մարզի խոշորացված համայնքների ղեկավարներ։
Անցյալ տարի դեկտեմբերին Սյունիքի բնակիչները, փակելով Գորիսի մայրուղին՝ թույլ չտվեցին Փաշինյանին մտնել մարզ։ Այն ժամանակ վարչապետը բավարարվեց Սիսիան այցելությամբ։