Բավ է պառակտվել
07-10-2019 19:47

Քոչարյանի փաստաբաններ ինքնաբացարկ ներկայացրեցին դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին:
Պաշտպան Հայկ Ալումյանն կան մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են նրա մասնակցությունը այս քրեական գործին: Վերջինս ինքնաբացարկի երկու հիմք ներկայացրեց, առաջինը՝ նա պատշաճ դատարան չի կարող համարվել, երկրորդը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Մեկ այլ փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ լրացրեց,որ դատական դեպարտամենտի տեղեկատվական կայքում տեղադրված է դատավորների ամենամյա արձակուրդների ցանկը, այնտեղ Աննա Դանիբեկյանի արձակուրդը նշված է հուլիս-օգոստոս ամիսներ, ապա հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատավորն այդ արձակուրդից օգտվել է և այդ ժամանակահատվածում եղել է արձակուրդում: Խուդոյանն ընդգծեց՝ դա ուղիղ կապ ունի ներկայացվելիք հիմքերի հետ:

Աննա Դանիբեկյանն արձագանքեց, որ դատավարության որևէ մասնակից իրավասու չէ դատարանին հարցեր ուղղել, ապա ասաց՝ եթե տիրապետում են որևէ տեղեկությունների, կարող են ներկայացնել իրենց փաստարկները, հիմնավորումները, որոնք դատարանը կգնահատի:
Պաշտպանն ասաց՝ իբրև փաստ է ընդունում այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործը Աննա Դանիբեկյանին մակագրելու պահին վերջինս արձակուրդում է եղել, ուստի գործը չէր կարող մակագրվել իրեն: Նրա գնահատմամբ՝ Աննա Դանիբեկյանը չի կարող հանդիսանալ օրինական դատավոր, քանի որ կա արդեն օրինական դատավոր, որը ապօրինի ձևով վարույթից հեռացվել է, դա Դավիթ Գրիգորյանն է: Ըստ Խուդոյանի՝ Գրիգորյանին առաջադրված անհիմն մեղադրանքով նա հեռացվել է գործից:

 

 Արմինե Գևորգյան