Հայ-վրացական սահմանին երեկ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժին հաջորդել է 30 հետցնցում, տեղեկանում ենք Հայաստանի ԱԻՆ-ի ֆեյսբուքյան էջից։
Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
«Ժամը 08։00-ի դրությամբ հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է 1․7 մագնիտուդ»։,- ասվում է հաղորդագրությունում։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում` 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում` 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ և Բյուրեղավան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: