Բավ է պառակտվել
10-01-2020 14:47

Ուզում եմ հասկանալ՝ Ռազմիկ Աբրահամյանը մեր երկրում արտոնյա՞լ է․բողոքի ակցիա դատախազության դիմաց

Դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերը:
«Հայ Մայրեր» հասարակական շարժման հիմնադիր Հայկուհի Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց պահանջը մեկն է՝ Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումը:
«Սեպտեմբերի 24-ին առևանգել են իմ երեխային: Մինչ օրս տեղեկություն չունեմ, թե որտեղ է իմ երեխան, քննություն է ընթանում, բայց ոչ մի բան էլ չի պարզվում, ոչ ոք տեղում չէ: Այստեղ բողոքելու ենք, որ, ի վերջո, Ռազմիկ Աբրահամյանը կալանավորվի: Եկել ենք դատախազության շենքի դիմաց, որպեսզի դատախազը մեզ պարզաբանումներ տա: Ինչի՞ համար է բա ստացել այս կոչումը, եթե մեր դատաիրավաական համակարգը նման փլուզման վիճակում է», - ասաց Հայկուհի Խաչատրյանը:
Նա նշեց, որ Աբրահամյանն իր ծննդաբերության ամբողջ ընթացքում ներկա է եղել, մինչդեռ հետո փորձել է կաշառել իրեն՝ առաջարկելով 1 մլն դրամ:
«Նպատակը մեզ լռեցնելն էր: Երբ ուսումնասիրում եմ մյուսների գործերը, նրանց էլ են 1 մլն առաջարկել ու ասել՝ գնացեք տուն», - ասաց Խաչատրյանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ տարիների վաղեմության դեպքերը նոր են մայրերը երևան հանում, Խաչատրյանը նշեց, որ նրանք ժամանակին վախեցել են իշխանություններից. «Ոմանք պայքարել են տարիներ շարունակ, 2000 թվականից պայքարել են, բայց մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Քանի որ իշխանափոխություն է եղել, աղմուկ, աղաղակ կա, մարդիկ միացել և բարձրաձայնում են»։
Մայրերից մեկն էլ նկատեց ,որ առաջնահերթ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին պետք է կալանավորեն, քանի որ փաստաթղթավորումը կատարում է նա և բազմաթիվ փաստեր կան նրա մասին։
«Ես կորցրել եմ երեխաներիս ու առանց ինձ տեղյակ պահելու երեխաներին տարել են հերձման։ Այս դեպքից հետո ինձ մոտ սթրես է, և ես չեմ կարող մայրանալ։ 1999 թվականի փետրվարի 11-ին եմ ունեցել զույգ տղա երեխա։ Ինձ ասացին, որ հնարավոր չէ՝ չես կարող տեսնել երեխաներին»,- պատմեց զույգ երեխաներին կորցրած մայրը։
Երեխային կորցրած ծնողներից Նաիրա Այվազյանն էլ նշեց, որ իր դեպքը տեղի է ունեցել է 2017 թվականի ապրիլի 2-ին։ «Հանրապետական հիվանդանոցում ունեցել եմ տղա երեխա, ինձ խաբելով ասել են, որ երեխաս մահացել է։ Իմ երեխայի մարմինը չեն տվել, ինձ տվել են մի հատ կոշիկի տուփ՝ ասելով, որ այդտեղ երեխայի մարմինն է կտրտված»,- պատմեց Նաիրան։

«Ուզում եմ հասկանալ՝ Ռազմիկ Աբրահամյանը մեր երկրում արտոնյա՞լ է։ Այդ դեպքում եկեք բացենք կալանավայրերի դռները և բոլորը թող դուրս գան։ Դեպքերը բազմաթիվ են, փաստերը և թղթի վրա են առկա և մենք ենք այստեղ։ Ինչ է նշանակում, որ Դավիթ Բալայանն ասում է՝ փաստ չկա։ Հիմա, եթե Դավիթ Բալայանին հարցնենք՝ հարգելի դատավոր՝ Հայոց ցեղասպանություն եղե՞լ է, թե՝ ոչ։ Մեր երեխաներին կոտորում են, նրանց անհայտ ճանապարհներով կորցնում են։ Ռազմիկ Աբրահամյանի նպատակն այն է, որ մեր ազգակիցները երեխաներ չունենան»,-նշեց Հայկուհի Խաչատրյանը։

Նշենք,որ դատախազ Արթուր Դավթյանն ընդունեց ցուցարարների ներկայացուցիչներին: Հանդիպմանը դատախազության այլ պաշտոնյաներ էլ են ներկա եղել: Դատախազության ներկայացուցիչները ցուցարարներին ներկայացրել են խափանման միջոցները փոխելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշումները բողոքարկելու մասին դատախազության որոշումը եւ հավաստիացրել են, դատախազությունը ցուցարարների հետ «նույն դաշտում է»: Ցուցարարները մասամբ էին բավարարվել հանդիպումից: Ասացին. «Հետագա արդյունքները տեսնելուց հետո բավարարություն կզգանք»:

Հիշեցնենք,որ երեխաների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության ,պերինատոլոգիայի ,մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետկան ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։
Սակայն 2019 թ–ի դեկտեմբերի 22 -ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, որոշել էր մինչև նախաքննության ավարտը Աբրահամայանին թողնել ազատության մեջ՝ մերժելով նախաքննության մարմնի կալանքի միջնորդությունը։

 

 

Արմինե Գևորգյան