Բավ է պառակտվել
12-05-2020 18:43

Բողոքի ակցիա Կենտրոնական բանկի դիմաց, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Այսօր ԿԲ-ի դիմաց մի խումբ անձինք բողոքի ակցիա են կազմակերպել՝ դժգոհելով վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկոսադրույքների դեմ։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել է, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են, պահանջել, որ ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։
«Դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին։ Բյուջեի կատարողականն Ազգային ժողովում սխալ ա զեկուցվում։ Զեկուցում են, թե 300 միլիարդ ուղղվել է գյուղատնեսությանը, չկա տենց բան, այդ գումարները մանիպուլյացիաներով դարձրել են առևտրային բանկերի սեփականություն։ Ես չեմ ասում իմ ու մյուսի հարցը լուծեք, ասում եմ համակարգն ավելի արդյունավետ դարձրեք, որ քաղաքացին չուզենա գնալ երկրից» , - ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Սակայն ոստիկանության ներկայացուցիչը հորդորեց ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։
Սակայն կրքերը գնալով թեժացան, հատկապես այն ժամանակ երբ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանին։ Քաշքշուկի ընթացքում լսվում էին քաղաքացիների ձայները, որ իրենց հարվածներ են հասցնում։ Ոստիկանները ուժ գործադրելով մեքենան նստեցրին Մանուել Մանուկյանին եւ մի քանի քաղաքացիների։
Կենտրոնական բանկը տարածեց հայտարություն դատապարտելով քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները։ Նախազգուշացնելով, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով:
«Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ և անհանդուրժողական վարքագծի դրսևորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետևանքներով»,–ասված էր հայտարությունում:
Հիշեցնենք, որ երեկ էլ էին քաղաքացիները ակցիա իրականացրել ԿԲ–ի դիմաց։ Նրանք պահանջում էին հանդիպում ԿԲ ներկայացուցչի հետ՝ նշելով, որ հակառակ պարագայում անգամ նստացույց կսկսեն ԿԲ-ի դիմաց։