Բավ է պառակտվել
09-12-2020 17:45

Ակցիա ԱԺ դիմաց. Պահանջն է Փաշինյանի հրաժարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր ժամը 16:00-ից երթով շարժվել են դեպքի խորհրդարանի շենք: Ակցիայի մասնակիցները երեք խմբի են բաժանվել։ Երկու խումբ՝ Կասյանից ու Մաշտոցի պողոտայից, քայլերթով մոտեցել են Ազգային Ժողով, երրորդն էլ խորհրդարանի մոտ է սպասել նրանց:
Քաղաքական ուժերն ասում են, որ այս պայքարը հանուն իշխանության չէ, այլ հանուն Հայրենիքի փրկության է, և հորդորում են քաղաքացիներին՝ միանալ նրանց ակցիային:

Քաղաքական ուժերն ու նրանց սատարող քաղաքացիները Ազգային ժողովի դիմաց են հավաքվել, որպեսզի վարչապետ Փաշինյանը չկարողանար մասնակցել ԱԺ-ի հարցուպատասխանին, սակայն ոստիկանությոնը շենքը ամբողջությամբ շրջափակել է:

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ասաց, որ նոր մարդիկ պետք է գան, որպեսզի նոր գործելաոճով քաղաքականություն իրականացնեն: 
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնում մնալու որևէ տարբերակ չունի: 

«Փաշինյանն ասում էր, որ իր  հեռանալու հանրային պահանջ չկա:  Հիմա Փաշինյանի հրաժարականին միացել են բացի հարյուր հազարավոր մեր հայրենակիցներից, հոգևոր հայրերը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ առաջինը, Հայաստանի մարզերի մոտ 200–ից ավելի համայնքներ, Գիտությունների ազգային ակադեմիան, մտավորականներ:



Հարց ուղղեմ վարչապետի աթոռը բռնազավթածին՝ ո՞րն է ձեր համար հանրային պահանջը: Այսօր լկտիաբար նրա խմբակցության  պատգամավորներից մեկն ասում է՝ կաթողիկոսները ժողովուրդ չեն: Այսինքն ո՞րն է ժողովուդրը, այն, որ երեկ բերել էիք հրապարակ ու Ջաբրայիլն ու Քարվաճառն իրարից չէին տարբերում, հա՞: Թե ժողովուրդը ձեր ֆեյքանախրապաններն են, որ ամեն մեկի վրա հարյուրավոր ֆեյքեր էին դրել»,- ասաց Ն. Զոհրաբյանը:



«Հայոց հողը տնքում է ցավից, հայց հողը դավաճանությամբ է պատված, հայոց հողն իր նորագույն պատմության ամենասև էջերն է ապրում»,-«Հայրենիք» կուսակցության շենքի դիմացից դեպի ԱԺ երթի ընթացքում բարձրախոսով հայտարարեց կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։



«Սակայն պետականության պայմաններում մարդ ինչքա՞ն տաղանդավոր սրիկա պետք է լինի, որ փոշիացնի պետականությունը, հայոց անպարտ ոգին, բոլորիս հույսերը։ Այդ չարարածի անունը դավաճան Նիկոլ Փաշինյան է։  Դավաճան, հեռացիր»,-հայտարարեց Խ. Գալստյանը, ինչին վանկարկումներով արձագանքեցին բազմամարդ երթի մասնակիցները։



Շարունակելով իր խոսքը՝ կուսակցության ներկայացուցիչն ասաց, այսօր շատերը հարց են տալիս, թե ինչու այպես պատահեց։



«Այսպես պատահեց, որովհետև ուղիղ երկուսուկես տարի առաջ մենք հայոց դարպասներից ներս թողեցինք նեռին, որովհետև երբ նեռը բացականչում էր՝ հպարտ քաղաքացիներ, հարյուր հազարները ողջունում էին նրան՝ չգիտակցելով, որ թաթախվում են մեղքի մեջ, երբ նեռը գոչում էր՝ Հայաստանի երջանիկ քաղաքացիներ, մենք չէինք գիտակցում, որ երկու տարի անց հազարավոր ընտանիքներ դժբախտանալու էին։ Երբ նեռը կասկածամտության,  ցոփության, շվայտության, ատելության որդը կոխում էր մեր երակները, մենք չէինք գիտակցում, որ այդ ամենը մահացու մեղքեր էին։ Այսօր այս օրհասական պահին դավաճանը պետք է հեռանա։ Հայ ժողովուրդն իր որոշումը կայացրել է»,-ասաց նա իր ելույթում։

Արմինե Գևորգյան