Մարդը զարմանալիորեն անտարբեր է վերաբերվում անվերադառնալի կորցրած իր կյանքի օրերին, սակայն նա զղջում է, երբ կորցնում է հարստությունը
28-06-2018 19:04

Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական, այսօր կառավարության նիստից առաջ ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Մենք ի սկզբանե չգիտեինք՝ զենքն օրինական է, թե՝ ոչ, բայց այն, որ մենք տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և հետևի՝ երկրորդ մեքենայի մեջ կան զենքեր, դա փաստ է, և այդ փաստը ստուգելու համար մենք ներկայացրեցինք ոստիկանություն, որտեղ ստուգվեցին և՝ այո, այդ զենքերն օրինական էին, հիմա փորձաքրեագիտականում են, անցնում են համապատասխան փորձաքննություն», - ասաց Օսիպյանը։
Այն հարցին, թե նրա հետ կապված այլ կասկածներ, այլ օպերատիվ տեղեկություններ կա՞ն, Օսիպյանը պատասխանեց. - «Այս պահին սահմանափակվենք այսքանով։ Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, որևէ բան լինելու դեպքում, վստահեցնում եմ Ձեզ, կտեղեկանաք»։

Մեկ այլ հարցի, թե ոստիկանությունը ստացե՞լ է զանգեր, ակնարկներ՝ Ալեքսանդր Սարգսյանին ազատ արձակելու մասով, ոստիկանապետը պատասխանեց. - «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրության համապատասխան և Սահմանադրությունից բխող մյուս օրենքներին համապատասխան, ինձ որևէ ցուցում, որևէ հրաման, կարծում եմ, խելացի չի, որ որևէ մեկը տա, ես օրենքի շրջանակներում եմ ցանկացած գործողություն իրականացնում»։