Բավ է պառակտվել
06-07-2018 21:10

Ալեքսանդր Սարգսյանի տանը հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարները պատկանում են մեծ վարպետի ժառանգին


Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարները պատկանում են մեծ վարպետի ժառանգին։ Այս մասին տեղեկացանք Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանը:

Վերջինիս փոխանցմամբ, Սարյանի որդու մահից հետո պետական ֆոնդ չփոխանցված գործերը 2013-ին բաշխվել են որդու ժառանգների՝ կնոջ և չորս երեխաների միջև։

Ըստ Սոֆյա Սարյանի, հիշյալ 14 գծանկարները, որոնք Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր Սերժ Սարգսյանի եղբոր տանը, իբրև ժառանգություն փոխանցել են Սարյանի թոռանը՝ Ռուբեն Սարյանին։ Ապա նրա որդին՝ Ղազարոս Սարյանը, ով Մարտիրոս Սարյանի ծոռն է, այդ գծանկարները փոխանցել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն:

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, թե հաղորդում են ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը՝ չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը:

Նկարներին տիրանալուց հետո, սակայն, Սարգսյանը խոստումը չի կատարել և, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել դրանք։

Ըստ ԱԱԾ-ի, խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր հայտնաբերված նկարները գնվել են իր կողմից: Նա ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է այդ գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը:

Սոֆյա Սարյանն, ում վրդովվեցրել է այս պատմությունը, ասաց,որ խոսել է վարպետի գծանկարները Նարեկ Սարգսյանին փոխանցած եղբորորդու՝ Ղազարոս Սարյանի հետ։ Նա ասել է, թե մոլորության մեջ է ընկել:

Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայության տեսանյութում երևում է Մարտիրոս Սարյանի մակագրությամբ 1955 թվականի ևս մի կտավ, սակայն, Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանն ասում է, թե ինքը տեղյակ չէ, որտեղից են Սարգսյաններն այդ գործը ձեռ բերել, միայն կարող է վստահեցնել, որ այն իրենց թանգարանի ֆոնդին չի պատկանում։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի, 3-րդ մասի, 1 կետի հատկանիշներով, մասնավորապես՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Թե Նարեկ Սարգսյանին կոնկրետ ինչպիսի մեղադրանքներ են ներկայացվել, առայժմ պարզ չէ:

Ըստ ԱԱԾ-ի, հափշտակված նկարներից բացի, Նարեկ Սարգսյանի տանը հայտնաբերվել էր 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում: