Բավ է պառակտվել
14-01-2023 16:07

Ալիևն իր կեղծ հայտարարություններով արհեստական ​​հիմքեր է ստեղծում Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ագրեսիայի համար. Թաթոյան

Ադրբեջանի նախագահը հունվարի 10-ի իր հրապարակային ելույթով կեղծ թեզեր է զարգացնում։ Բացահայտորեն խեղաթյուրելով պատմաիրավական փաստերը՝ նա Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» և դրա հետ կապված օգտագործում «արևմտյան ադրբեջանցիներ» կեղծ թեզը։ Այս մասին ասված է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

«Սա նրա այն կեղծիքն է, թե «Հայաստանն առանց արժեք երկիր է (…) ադրբեջանական հինավուրց հողերի վրա արհեստականորեն ստեղծված տարածք է»։ Ադրբեջանի նախագահի այս ելույթը ատելություն և թշնամանք է սերմանում հայ ժողովրդի նկատմամբ, կեղծ փաստերով նա նաև արհեստական ​​հիմքեր է ստեղծում Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ագրեսիայի համար»,- գրել է Թաթոյանը։

Նա ասել է, որ Ադրբեջանի նախագահի ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation կողմից ուղարկվել են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների։

«Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են։ Ակնհայտ են նրա ինչպես այս, այնպես էլ նախորդ ելույթներում ֆաշիզմի դրսևորումները, որով նա ընդգծում է մի ժողովրդի՝ ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ, բորբոքում ատելություն ու այս պայմաններում հետո խոսում է խաղաղությունից»,- գրել է Թաթոյանը։