Բավ է պառակտվել
13-11-2014 08:22

Լոս Անջելեսում հային 30 ամսվա ազատազրկման են դատապարտել

Լոս Անջելեսի Վան Նայս շրջանի հայ բնակչին դատապարտել են 30 ամսվա ազատազրկման՝ 2010 թվականի օգոստոսից մինչեւ 2012-ի հոկտեմբերը հարկային խարդախության արդյունքում ստացված ավելի քան 860 հազար դոլարի լվացման համար: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը: Գլենդել քաղաքից 37-ամյա Կարեն Ահարոնյանը հուլիսին իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման մեղադրանքի մեկ կետով: Նա խոստովանել է, որ 2012 թվականի սեպտեմբերին, երբ մեկ այլ քրեական գործի շրջանակում դատապարտվելուց հետո դուրս է եկել բանտից, մեկ օրվա ընթացքում 184.330 դոլար ընդհանուր գումարով 34 կտրոն է կանխիկացրել: Ահարոնյանին նախապես փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել յոթ կետով, սակայն մեղքը խոստովանելու հանգամանքի շրջանակում դրանցից վեցը չեղյալ է ճանաչվել: Փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել նաեւ կտրոնների կանխիկացման ընկերությունների սեփականատերերին, որոնք նույնպես խոստովանել են իրենց մեղքը: Դատավճռի համաձայն՝ Ահարոնյանը չի մասնակցել հաղորդակցության էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ հիմնական կեղծարարությանը եւ «իր դերից զգալի շահ չի ստացել»՝ կտրոնների կանխիկացման արդյունքում աշխատելով 25 հազար դոլարից պակաս գումար: