Բավ է պառակտվել
16-05-2019 20:52

Անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել՝ կարող ա փախնի. Ռոբերտ Քոչարյան


Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, այն բանից հետո, երբ Արցախի նախագահները տվեցին իրենց երաշխավորությունը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ ինքը քննությունից փախչող չէ և իր համար վիրավորական է, որ դատախազությունն իրեն վերաբերում է որպես քննությունից փախչողի։
«Շատ վիրավորական է, երբ իմ նման կենսագրություն ունեցող մարդուն դատախազությունը համարում է փախչող։ Իրենք ո՞ւր էին։ Ես պատերազմից չեմ փախչել, 100 ու մի վտանգներից չեմ փախչել, քննությունի՞ց պետք է փախչեմ։ Ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում։ Որ փախնող լինեի՝ այստեղ չէի լինի: Իմ մեջքը որևէ թշնամի չի տեսել: Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել՝ կարող ա փախնի»,- հայտարարեց Քոչարյանը։
Քոչարյանը ասաց,որ իր համար շատ տհաճ է, որ իր մարտական ընկերներին, հարգարժան երկու նախագահներին բերել–նստեցրել են այստեղ, որ նրանք համոզեն ձեզ, թե ես չեմ փախնելու:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը միջամտեց և հորդորեց Քոչարյանին «զուսպ ու կոռեկտ հայտարարություններ» անել։
Քոչարյանի կալանքի տակ մնալ–չմնալու հարցը կորոշվի ավելի ուշ։ Իսկ այժմ դատարանն աշխատանքը շարունակում է դռնփակ ռեժիմով։
Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում մինչ այդ հայտարարել էր, որ Արցախից Հայաստան զինուժ բերելու մեղադրանքի դրվագը պետական գաղտնիք է պարունակում և միջնորդել նիստի այդ հատվածն անցկացվի դռնփակ։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց, որ դռնփակ նիստին մասնակցեն նաև Արցախի նախկին ու ներկա նախագահները` նշելով. «Դա իրենց էլ է վերաբերում»։
Բայց դատավորը թույլ չտվեց` հիշեցնելով, որ երաշխավորներն իրավունք չունեն մասնակցելու դռնփակ դատական նիստին։
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, մյուս ներկաների հետ միասին, լքեցին դահլիճը։ Դատարանը շարունակեց քննարկումը դռնփակ ռեժիմով։