Բավ է պառակտվել
27-05-2019 17:53

«Անցումային արդարադատությունը պետք է ընդգրկի 1991 թ-ց մինչ օրս, կամ այսօրվանից մինչև ապագա». Թ․Պողոսյան

«Համարում եմ, որ անցումային արդարադատությունը պետք է ընդգրկի 1991 թվականից մինչև օրս ընկած ժամանակահատվածը, կամ այսօրվանից մինչև ապագա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով «Փաստ» թերթի այն հրապարակմանը, որ իշխանական թևում քննարկվում է, որ անցումային արդարադատությունը կիրառվի 1998 թվականից այս կողմ ընկած ժամանակահատվածի համար՝ չներառելով 1991-98 թվականները:

Նրա խոսքով՝ չի կարելի նշված ժամանակահատվածի մեջտեղում ժամանակ դնել, ուստի ընտրելիս պետք է հասկանան, որ կա երկու հնարավորություն՝ կա՛մ սկզբից մինչև այսօր ժամանակահատվածը պետք է ընդգրկի, կա՛մ կարմիր գիծ պետք է քաշեն այն ամենի վրա, ինչ եղել է, և սկսեն հենց այսօրվանից։

«Եթե 1991-1998 թվականների ժամանակահատվածում որևէ խնդիր չի եղել, ուրեմն այդ մասը շատ արագ կանցնեն, բայց խնդիրներ եղել են, օրինակ՝ 1996 թվականի ընտրությունները։ Ես դեռ միայն քաղաքականն եմ ասում, 1991 թվականից մինչև այսօր չե՞ն եղել դատական գործեր, չե՞ն եղել մարդիկ, որոնք անտեղի են պատժել, որտեղի՞ց ենք վստահ։ Այս պատճառով պետք է ասեն, որ ամենասկզբից են սկսում, և վստահ եմ, որ շատ մարդիկ կարող են գալ ու ասել, որ իրենց այլ ձևով են պատժել, չէ՞ որ ունենք մեծ հնչեղություն ստացած գործեր, որտեղ մարդկանց բանտարկեցին, հետո բաց թողեցին, այնուհետև բողոքարկեցին, և այլն, այս ամենը պետք է վերանայեն»,- ասաց Թևան Պողոսյանը։

Հարցին՝ վարչապետը միշտ խոսել է անցումային արդարադատությունից, սակայն գործուն քայլեր չի իրականացրել, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը, իշխանությունները կգնայի՞ն դատարանների մուտքերը փակելու, կամ այդ գործին ընթացք կտայի՞ն, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ իշխանությունը պարտավորվել էր անցումային արդարադատություն ներդնել նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում ստացած քվեով, քանի որ նրանց նախընտրական ծրագրում դա նշված է եղել։

«Եթե չեմ սխալվում, մինչև դատարանի որոշումն ԱԺ-ում ընդունվել էր, որ մայիսի 24-ին պետք է անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնեն, ինքս այդպես եմ հիշում։ Այս իրավիճակն ուղղակի սրել է դրա ընկալումը կամ արագացրել է շատ-շատ այլ գործընթացներ»,- շեշտեց Թ. Պողոսյանը։