Բավ է պառակտվել
25-02-2021 11:45

Անհնազանդության ակցիաներ Երևանում (լուսանկարներ)

Այսօր առավոտվանից Երևանի տարբեր փողոցներ կաթվածահար վիճակում են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում:

Մասնավորապես, փակ է Մյասնիկյան պողոտայի երթևեկելի մի հատվածը, Ազատություն պողոտայի երթևեկությունը կաթվածահար է: Քաղաքացիները բեռնատարով փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը:

Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը Gisher.news-ին տեղեկացրեց, որ առավոտյան 8:35-ին քաղաքացիները փորձել են կաթվածահար անել մետրոյի աշխատանքը, սակայն ոստիկանների միջամտությունից հետո՝ 3-4 րոպե անց, իրավիճակը շտկվել է և այժմ մետրոն աշխատում է անխափան:
Ամենուր վանկարկում են «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»:

Ոստիկանության աշխատակիցները բարձրախոսներով հորդորում են քաղաքացիներին դադարեցնել գործողությունները՝ հիմնավորմամբ, որ դրանք չեն բխում հավաքների մասին օրենսդրությունից:

Լարված էր իրավիճակը Խորենացի փողոցում։ Կարմիր բերետավորներն այստեղ փորձում են բացել ճանապարհը։ Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ոստիկանությունն առևանգել է բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մի քանիսի ավտոմեքենաները

«Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին՝ անգամ տուգանքը վճարելու պայմանով։ «Վաղը եկեք», - պատասխանում են ՃՈ ծառայողները։
Դա ապօրինություն է և կամայականություն, որը վստահաբար հրահանգավորված է քաղաքական իշխանության բարձր էշելոններից», - գրել է Ռուբեն Մելիքյանը։

Արմինե Գևորգյան