Բավ է պառակտվել
14-01-2020 12:52

Անորոշ է Արամի 23–ի ճակատագիրը՝ շենքը փլուզվում է


Դեռ մեկ տարի առաջ, երբ փլուզվեց Արամի 23-ը ՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասաց, որ սա անհեթեթ ու անհիմն քաշքշուկների հետևանք էր։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն ասում է, որ մեկ տարի անց էլ շենքը չի վերակառուցվում՝ անհեթեթ քաշքշուկների հետեւանքով կամ միտումնավոր։
«Թե ինչ վիճակում է գտնվում շենքը, կարող են տեսնել բոլորը… փլուզված, քանդված»,–ասաց Հեքեքյանը։ Վերջինս հիշեցրեց, որ բոլոր ատյաններին ի սկզբանե դիմել են, երբ շենքի պատը սկսել է շարժվել, սակայն ապարդյուն: Եվ միակ կառույցը որը միշտ փորձել է պայքարել շենքի համար՝ ԿԳՄՍ –ն։
«Այո, ինչ-որ բաներ արվում են, բայց միեւնույն է` շենքը մնացել է ինչպես կար, մենք էլ մնացել ենք անհույս վիճակում»,–ասում է Հեքեքյանը։
Նախարարությունը վերականգնման նախագծին դրական եզրակացություն է տվել, այժմ խնդիրը քաղաքապետարանի ու քաղշինի տիրույթում է։ Կնքվել է հնգակողմ պայմանագիր, բայց դրանով նախատեսված վճարումը չի կատարել կառուցապատող ընկերությունը՝ տվյալ դեպքում «Ի Էմ Սի» ընկերությունը։ «Առաջին փուլով նախատեսվում էին անհրաժեշտ միջամտություններ, որ փոսորակը ամրակայվի, եւ շենքը չշարունակվի քանդվել, սակայն վճարում առայսօր չի կատարվել, թեեւ առաջին փուլի ժամկետը վաղուց լրացել է: Այդ 5 կողմերն են կողմերն են` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանր, «Ի Էմ Սի» կազմակերպությունը, ճարտարապետական կազմակերպությունը եւ Տիգրան Հեքեքյանը>>,-ասում է ճարտարագետ Դավիթ Նահատակյանը։
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մակարդակով նրանք փորձել են հանդիպել կառուցապատողի հետ, սակայն ապարդյուն։ Տիգրան Հեքեքյանն ասում է ,որ կառուցապատող ընկերությունը՝ ի դեմ Վարդան Սրմաքեշի շատ ամուր հենարան ունի այստեղ:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասում է,որ այս շենքի պարագայում քաղաքապետարանը հանդիսանում է 3-րդ կողմ և իրենց խնդիրը Երգչախմբի ճակատագիրը տարանջատել շենքի ճակատագրից:

«Արամի 23-ի պատի փլուզումից հետո քաղաքապետարանը տարածքով ապահովելու հարցով զբաղվել է, փոխքաղաքապետ Վիրաբյանի հետ մաեստրո Հեքեքյանը շփումների մեջ է եղել, առաջարկվել է Պատանի Հանդիսատեսի թատրոնի տարածքը: Այս պահին երգչախումբը փորձերն անցկացնում է Սայաթ Նովայի անվան դպրոցում, որը նույնպես քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում»,–ասաց Հակոբ Կարապետյանը։
Նշենք, որ ասուլիսն ներկա էր նաև Արամի 23 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Մադլենա Սարոյանը, ով նշեց, որ 2019թ հունվարի 11-ից անտուն է մնացել ու արդեն մեկ տարի է ապրում վարձակալական հիմունքներով։
«Հունվարի 13-ին քաղաքապետը հայտարարեց, որ ինքն այդտեղ կողմ հանդիսանալ չի կարող: Մեկ տարի է՝ ապրում եմ իմ սեփական գումարով վարձած բնակարանում: Իմ տունը քանդվել է, ես չունեմ գույք, չունեմ ոչինչ: Ամեն ինչը մնացել է փլատակների տակ: Քաղաքապետի օգնական Կարենը հայտարարում է, որ իմ տան մի հատվածն է քանդվել, մինչդեռ ամբողջ մեկ սենյակը քանդվել է, խոհանոցը չկա, ննջարանի պատի կեսը չկա: «Ի Էմ Սի» կազմակերպությունը, որ նախկին «Գլենդել Հիլզն» է, որն անտուն թողեց Արամ, Բյուզանդ փողոցի բնակիչներին, կտրականապես հրաժարվում է ինձ վարձի գումար տրամադրել։
Նա ասաց, որ ունի ձայնագրություն, որի մասին տեղյակ է «Ի Էմ Սի»-ի տնօրենը, որը տիկնոջ վկայությամբ ասել է, թե իրենք չեն ցանկանում բնակարան տրամադրել, որովհետեւ ինքն իր սեփականությունից չի հրաժարվել եւ առաջարկել է նոտարով պայմանագիր կնքել: Տիկին Մադլենան կրկին դիմեց Հակոբ Կարապետյանին. «Մեկ տարվա ընթացքում դուք որեւէ անգամ որեւէ բնակչի մասին մտածե՞լ եք: Հարցրեցի՞ք բնակիչը որտեղ է բնակվում, թե՞ կարող եք միայն գույքահարկ վերցնել եւ աղբահանության գումար պահանջել: Քաղաքապետը կամ քաղաքապետարանի որեւէ աշխատակից գոնե մեկ անգամ հետաքրքրվե՞ց, թե ինչ եղավ, երբ նամակ եմ գրել ու հեռախոսազանգեր արել»: Տիկինը հայտնեց, որ մեքենա է վարձել եւ առաջարկեց ասուլիսից հետո բոլոր լրագրողներին այցելել իր քանդված տան տարածք. «Տեսեք այդ բնակարանում ապրել կլինի, թե՞ չէ»:

Այս շենքի թնջուկը կարող է լուծում ստանալ, եթե «Ի Էմ Սի» կազմակերպությունը կատարի իր պարտավորությունները։ Բայց դեպքերը վկայում են, որ ընկերությունը չի ցանկանում կատարել ստանձնած պարտավորությունները, իսկ շենքը դանդաղ քանդվում է:

 

 

Արմինե Գևորգյան